ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում 2018-2022թթ․ ենթադրյալ խախտումների մասին ուսումնասիրությունն ուղարկել է դատախազություն

ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում 2018-2022թթ․ ենթադրյալ խախտումների մասին ուսումնասիրությունն ուղարկել է դատախազություն

PanARMENIAN.Net - Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) կողմից Երևանի քաղաքապետարանում 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:

Ուսումնասիրության շրջանակում իրականացված ծավալուն և բազմակողմանի վերահսկողական ու վերլուծական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մոտ 8.5 միլիարդ դրամի խախտումներ, որոնք հիմնականում առնչվում են պետական բյուջեից համայնքին տրամադրված դոտացիաների հաշվարկման հիմքերին, Երևանի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ճանապարհաշինարարական, բարեկարգման և դիզայներական ձևավորման աշխատանքների ծրագրերին, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» և «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեությանը, քաղաքապետարանի աշխատակիցներին ծառայողական նպատակներով բենզինի տրամադրման գործընթացին, արտասահմանյան գործուղումների ծախսերին, ինչպես նաև գնումների գործընթացը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին և հանրակրթական ծրագրին: Մասնավորապես, բացահայտվել են հետևյալ մեծածավալ խախտումները.

- պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին տրամադրվող դոտացիայի հաշվարկման հիմք հանդիսացող տեղեկատվությունը՝ գույքահարկի և հողի հարկի բազային տվյալները պակաս են ներկայացվել մոտ 7.1 միլիարդ ՀՀ դրամի չափով,

- ավելի քան 5000 փոխադրամիջոց չի հաշվառվել համապատասխան բազաներում, կամ անհիմն ներկայացվել է որպես օտարված, ինչի արդյունքում չի հավաքագրվել շուրջ 331 միլիոն դրամ գույքահարկի գումար, իսկ մոտ 8 տասնյակ ավտոմեքենաներ օտարվել են առանց 4.3 միլիոն դրամ գույքահարկի պարտավորությունը մարելու,

- թվով 634 փոխադրամիջոց օտարվել է հարկադիր աճուրդի կամ բռնագանձման շրջանակներում, իսկ դրանց մասով առկա 124.6 միլիոն դրամի գույքահարկի պարտավորությունը գանձելու ուղղությամբ քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել,

- փողոցների և ճանապարհների նորոգման, ճաքալցման, բարեկարգման, աշխատանքների շրջանակներում արձանագրվել են մոտ 542․7 միլիոն դրամի ոչ նպատակային օգտագործման և չկատարված աշխատանքների դիմաց վճարման դեպքեր, իսկ այդ աշխատանքների արդյունքում գոյացած՝ մոտ 288.6 միլիոն դրամի ասֆալտի տաշվածք կապալառու կազմակերպությունների կողմից չի տրամադրվել Երևանի վարչական շրջաններին, ինչը սահմանված է եղել պայմանագրով,

- հանրակրթական ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթության գծով հատկացվել է 90.4 միլիոն դրամ ավելի ֆինանսավորում և այլն։

Նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ստացված տեղեկատվությունների և իրականացված վերլուծությունների հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանում զուգահեռաբար մշտադիտարկվում են 2011-2018թթ. շինարարության թույլտվությունների տրամադրման և ուղղակի վաճառքի եղանակով հողամասերի օտարման գործընթացները, որոնց արդյունքում այս պահի դրությամբ հայտնաբերվել են մոտ 7.3 միլիարդ դրամի խախտումներ: Դրանք հիմնականում առնչվում են սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելու հետ կախված՝ վարչական տուգանքներ չկիրառելու դեպքերին, որոնց ընդհանուր չափը կազմում է մոտ 6.2 միլիարդ դրամ: Բացահայտված առանձին խախտումների դեպքերով 5 նյութեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն իսկ հարուցվել են թվով 3 քրեական գործեր:

Ավելի վաղ Երևանի նախկին քաղաքապեռ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով մի հրապարակման, գրել է, որ Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չի կայացրել։ «Հատկանշական է, որ ՊՎԾ-ն քաղաքապետարանում 2018-2021 թվականների չարաշահումներն էր փնտրում։ Դրանից առաջ ու դրանից հետո փաստորեն ոչինչ տեղի չի ունեցել», - ասվում էր Մարությանի գրառման մեջ։

2021-ի դեկտեմբերի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Դեկտեմբերի 22-ին «Իմ քայլը» անվստահություն հայտնեց նրան և քաղաքապետ առաջադրեց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին, որն էլ դարձավ քաղաքապետ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---