Արսեն Թորոսյան․ Պետք է սթափվենք, ընդունենք, որ սխալվել ենք՝ 100 տարի առաջ, նաև 30 տարի առաջ

Արսեն Թորոսյան․ Պետք է սթափվենք, ընդունենք, որ սխալվել ենք՝ 100 տարի առաջ, նաև 30 տարի առաջ

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ խաղաղությունն իրականում գին չունի, անգին է, ինչպես կյանքը։

Ըստ նրա, «պետք է սթափվենք, ընդունենք, որ սխալվել ենք»։

«Կյանքն անգին է։ Հակառակը պնդելը մահվան և պատերազմի քարոզ է։ Մահը երբեք ավելի թանկ չի կարող լինել, քան կյանքը, չնայած մեզ հարյուրամյակներով քարոզել են հակառակը։

Քարոզել են ազգի արտոնյալները, որ երբեք իրենք չէին զոհվելու, քարոզել են իրենց «ազգային» հռչակած կուսակցությունները, որ մահով են արդարացրել իրենց գոյությունը, քարոզել են մոլորված մարգինալներն ու ռոմանտիկները, քարոզել են՝ մեզ զոհվելու, և ոչ թե՝ ապրելու դատապարտող օտարները։

Ու տրվել ենք մենք այդ քարոզին, մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչև իշխանավոր։ Տրվել ենք ու ընտրել մահը, ոչ թե՝ կյանքը։ Ու շարունակվում է այդ քարոզը։ Դեռ ինչքան պետք է ընտրենք մահը և ոչ թե՝ կյանքը, դեռ ինչքա՞ն պետք է սխալվենք: Մինչև իսպառ բնաջնջու՞մ, որ լոկ մնա՞նք այլ ազգերի պատմության դասագրքերում։ Որ կրկին պատմական հայրենիք դավանենք՝ իրականի փոխարեն։

Պետք է սթափվենք, ընդունենք որ սխալվել ենք։ Սխալվել ենք 100 տարի առաջ, երբ գետնի վրայի իրականությունը ստորադասեցինք եվրոպական քաղաքներում կնքված ինչ-որ փաստաթղթերի և նորից կորցրեցինք իրական հայրենիքի մի մասը։ Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք։ Կուրացանք՝ մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչև իշխանավոր։ Ու մինչ օրս կույր ենք, չենք հասկանում ու ընդունում մեր սխալները, հրաժարվում ենք առերեսվել գետնի վրայի իրականության հետ ու շարունակում ընտրել մահը։

Մեր սխալների ընդունումն է բերելու խաղաղության, ոչ թե՝ դրանց կրկնումը։ Իրավունք չունենք կրկնել նույն սխալները՝ մերժելով օբյեկտիվ իրականությունը կամ մեկնաբանելով այն մեր քմահաճույքով։ Իրավունք չունենք։

Խաղաղությունն անգին է»,-ասվում է գրառման մեջ։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: Կայուն լարվածությունը պահպանվում է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---