Իրանի նախագահը Փաշինյանի հետ զրույցում հիշատակել է Խամենեիի խոսքերը՝ սահմանների հարցում զգայուն լինելու մասին

Իրանի նախագահը Փաշինյանի հետ զրույցում հիշատակել է Խամենեիի խոսքերը՝ սահմանների հարցում զգայուն լինելու մասին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին օգոստոսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային զարգացումներին և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր։

Իրանի նախագահը, անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի:

ՀՀ վարչապետն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ կապերի շուրջ, ընդգծել դրանց սերտացման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ և նշել, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս խթանելու երկու երկրների միջև ապրանքների տարանցումը և զարգացնելու համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ ճանապարհային, էներգետիկ և այլ ուղղություններով։

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին պատմական ու խորն է որակել երկու երկրների փոխհարաբերությունները և ընդգծել հայ-իրանական կայուն տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։

Հուլիսի կեսին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե Հայաստանի հետ Իրանի սահմանն արգելափակելու քաղաքականություն լինի, Իրանը կընդդիմանա: «Եթե Հայաստանի հետ Իրանի սահմանը արգելափակելու քաղաքականություն լինի, Իրանը կընդդիմանա դրան, քանի որ այդ սահմանը հաղորդակցության ուղի է արդեն մի քանի հազարամյակ»,-ասել էր նա։

Խամենեին նմանատիպ հայտարարություն էր արել նաև նույն օրերին Թեհրանում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, այնուհետև անդրադարձել այդ հարցին Twitter-ի իր միկրոբլոգում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---