Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգմանը լրացուցիչ գումար է հատկացվել

Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգմանը լրացուցիչ գումար է հատկացվել

PanARMENIAN.Net - Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհի վերակառուցման համար, որն ամիսներ առաջ քանդվել էր, լրացուցիչ գումար կհատկացվի։ Գործադիրը համապատասխան որոշում է ընդունել։

Հատկացվել է ավելի քան 2 մլրդ 730 մլն դրամ, որի մի մասը կծախսվի Տաթև–Աղվանի ճանապարհի վերակառուցման, իսկ մնացածը՝ Ստեփանավան - Ագարակ- Յաղդան և Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցողունի ճանապարհների շինարարության համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ճանապարհն ի սկզբանե նախատեսված էր որպես միջհամայնքային, սակայն հետագայում այն ավելի ինտենսիվ շահագործման ենթարկվեց, արդյունքում հիմքի փլուզման հետ կապված խնդիրներ առաջացան։

Ներկայացնելով որոշման նախագիծը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել է, որ ճանապարհի վնասված հատվածը գրեթե վերականգնված է, մնացել է մոտ 500 մետր, որտեղ դեռ փոսեր կան։

«Հավանաբար վաղը այլևս փոսեր չենք ունենա, ամբողջովին ասֆալտապատված կլինի։ Երրորդ շերտի տեղադրման պրոցեսն արդեն սկսվել է, 5.8 կմ-ն արդեն տեղադրվել է։ Եթե հասցնենք, կառավարության հաջորդ նիստում մյուս շինարարին գումար կհատկացնենք վերջին շերտի համար։ Այս ընթացքում չի բացառվում, որ որոշ տեղերում նորից խնդիրներ ծագեն»,-ասել է նախարարը։

Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք կարող ենք համոզված լինել, որ այդ ճանապարհը նաև բեռնատարներին կսպասարկի։

«Կարելի է ասել 90 տոկոսով վստահ ենք, բայց որոշ տեղերում կարող են խնդիրներ ծագել։ Եղան դեպքեր, երբ խնդիր չկար, բայց հարևան հատվածը փոխում էին, մեկ այլ տեղ էր խնդիր առաջանում։ Ենթադրում ենք, որ ասֆալտի երրորդ շերտի տեղադրումը այդ հարցը կլուծի»,-ասել է ՏԿԵ նախարարը։

Նա նաև կարևորել է կշեռքների տեղադրումը, քանի որ գերբեռնված մեքենաները նպաստում են խնդիրների առաջացմանը։

Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգումը պետք է ավարտվեր մինչև 2021 թվականի տարեվերջ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---