ԱՀ ԱԽ․ Օգոստոսի 30-ից՝ ժամը 20:00-ից ՀՀ հետ կապը կիրականացվի նոր երթուղով

ԱՀ ԱԽ․ Օգոստոսի 30-ից՝ ժամը 20:00-ից ՀՀ հետ կապը կիրականացվի նոր երթուղով

PanARMENIAN.Net - ԱՀ անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել օգոստոսի 30-ից՝ ժամը 20:00-ից ՀՀ հետ կապն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 29-ին կայացած Անվտանգության խորհրդի հերթական նիստի օրակարգում Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր երթուղու շահագործմանը վերաբերող հարցերն էին:

Զեկույցներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

Նշվել է, որ, 2020-ի նոյեմբերի 9-ին ՀՀ, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն, նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: Երթուղին Գորիս- Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող մոտ 4․7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են:

Նիստի մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են նոր ճանապարհի անվտանգային հարցերի ու քաղաքաշինական նորմերի հետ կապված անհրաժեշտ երաշխիքների ապահովումը և այդ ուղղությամբ պետական համապատասխան կառույցների ու Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության փոխգործակցված աշխատանքի կարևորությունը:

Ավելի վաղ Արցախի ՆԳ նախարարության ոստիկանությունը հայտարարել էր, որ օգոստոսի 31-ից հետո Արցախի կապը ՀՀ հետ կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով։

Բերձորի միջանցքին հարող Աղավնո և Ներքին Սուս գյուղերի, ինչպես նաև Բերձորի բոլոր բնակիչները տարհանվել են։ Նրանք հաստատվելու են ըստ իրենց ցանկության՝ Հայաստանում կամ Արցախում։ ԱՀ իշխանությունները տեղեկացրել էին Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին, որ նրանք մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---