ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին![]() 30 օգոստոսի 2022 - 16:22 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, իսկ Ղարաբաղյան առաջին և 44-օրյա պատերազմների հետևանքով հարյուրավոր անհետ կորածների և բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որը տարածվել է Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։ Օգոստոսի 30-ը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է, որը 2010 թվականին սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ որպես բռնի և հարկադրված անհետացումների հետևանքով մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների մասին հիշեցում: Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունն անհնարին է դարձնում անհետ կորած անձանց թվի ճշգրիտ գնահատումը, և անհետացածների ճակատագրի կամ գտնվելու վայրի և ողջ լինելու վերաբերյալ հավաստի տեղեկությունների ձեռքբերումը։ «Մարդկանց հարկադրված կամ բռնի անհետացումն իր բնույթով մարդու հիմնարար իրավունքների խախտում է․ այն ոտնահարում է մարդու իրավունքների մի ամբողջ շարք՝ հաստատված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Բռնի անհետացումից բոլոր անձանց պաշտպանության միջազգային կոնվենցիայով, ինչպես նաև Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերով և մարդու իրավունքների այլ միջազգային հիմնական փաստաթղթերով: Այս համալիր ոճրագործությունը խախտում է մարդու բոլոր իրավունքները, ներառյալ կյանքի իրավունքը, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը, ազատության և անվտանգության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և անհետացման հանգամանքների վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքը։ Միջազգային իրավունքը որոշակի հանգամանքներում բռնի անհետացումը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է համարում»,-ասվում է հայտարարության մեջ Նշվում է նաև, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները՝ Ադրբեջանում հայ պատանդների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ներկայացված հրատապ միջոցները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական և խտրական քաղաքականությունը։ «Անհետացումների խնդիրը մարդասիրական առաջնահերթություն է, որը պետք է ապաքաղաքականացվի և կարգավորվի ամուր քաղաքական կամքով և համագործակցությամբ։ Նման մոտեցման բացակայության պարագայում արդարությունն ու սոցիալական առողջացումը, հետևաբար՝ երկարաժամկետ խաղաղությունը կմնան վերացական: Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածք անվերապահ մուտքի ապահովման համար, որը կարող է մեղմել առկա հումանիտար ճգնաժամը։ Բռնի անհետացումների միջազգային օրը մենք համերաշխություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տառապում են այս անմարդկային արարքներից: Մենք պայքարում ենք անհետացածների իրավունքների համար, շարունակում ենք պայքարել արդարության համար և այս հանցագործության անպատժելության դեմ։ Վերահաստատում ենք մեր հրատապ կոչը՝ վերջ դնելու բռնի անհետացումների անպատժելիությանը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |