30 օգոստոսի 2022 - 16:45 AMT
«Դոյչե տելեկոմը» մտադիր է գուրծունեություն ծավալել ՀՀ-ում

Եվրոպայի հեռահաղորդակցական ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Դոյչե տելեկոմը», որը գործունեություն է իրականցնում նաև Ռուսաստանում, մտադրություն ունի աշխատանքներ ծավալել նաև Հայաստանում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում։ Այդ մասին «Դոյչե տելեկոմ» ընկերության պատվիրակության անդամ, ցանցային տեխնոլոգիաների գծով ղեկավար, Telecom IT Lidership թիմի անդամ Մատիս Դիժկուիզենն ասել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում օգոստոսի 30-ին տեղի ունեցած հանդիպմանը։

Հյուրերի խնդրանքով ՀԱԳՄ անդամ գործարարները ծանոթացրել են Հայաստանի տնտեսական իրավիճակին, օրենսդրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եղած կացությանը, առավելություններին և առանձնահատկություններին։

Միության նախագահության անդամ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանի ներկայացմամբ՝ մեր երկրում հաստատված առաջատար ՏՏ ընկերությունները շարունակում են ընդլայնել իրենց գործունեությունը, ստեղծվում են նորերը, այդ թվում՝ մարզերում, ինչի լավագույն գրավականը, նախևառաջ, երկրում առկա մարդկային որակյալ ներուժն է։ Ձևավորված է համապատասխան ենթակառուցվածք, օրենսդրական հիմք, կրթական ու մասնագիտական վերապատրաստման արդյունավետ համակարգ։

ՀԱԳՄ խորհրդի անդամ, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանգամանալի անդրադարձել է երկրի հեռահաղորդակցության ոլորտին, ներկայացրել առկա իրավիճակը, հեռանկարները։

Խոսք է գնացել գործարար միջավայրի առանձնահատկությունների, տնտեսական ծրագրերում սփյուռքահայերի մասնակցության, ոլորտը նոր մասնագետներով համալրելու կրթական գործընթացների մասին։ ՀԱԳՄ ներկայացուցիչները պատասխանել են արտասահմանցի գործընկերների բազմաթիվ հարցերի։

ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանն, անդրադառնալով Միության գործունեությանը, պատրաստակամություն է հայտնել հայաստանյան շուկայում աշխատանքներ ծավալելու պարագայում ամենայնս աջակցել գերմանական ընկերությանը։ ‌