Արզումանյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ «Արեգա» բարձունքն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրամանի համար

Արզումանյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ «Արեգա» բարձունքն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրամանի համար

PanARMENIAN.Net - Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ «Արեգա» բարձունքն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։

Պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով գեներալ-մայոր Մ.Ա.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2020-ի պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ կառույցի՝ 2020-ի սեպտեմբերի 28-ին ԱՀ հյուսիս-արևելյան ուղղության հատվածում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նույն օրը յուրային ստորաբաժանումների կողմից կորցրած դիրքերն ազատագրելու ուղղությամբ իրականացված հակագրոհը ձախողվել է։

Սեպտեմբերի 29-ին յուրայինները «Արեգա» բարձունքը և հարակից դիրքերն ազատագրելու ուղղությամբ ձեռնարկել են նոր՝ հաջող հակագրոհ. հաջողվել է հակառակորդին մեծ կորուստներ պատճառելով վերահսկողության տակ վերցնել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը և հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը։ Ոչնչացվել է հակառակորդի մոտ 10 զրահատեխնիկա, հակառակորդի կենդանի ուժի հիմնական մասը՝ մի քանի տասնյակ զինծառայող, որպես ռազմավար վերցվել է 2 զրահափոխադրիչ։

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գեներալ-մայոր Մ.Ա.-ն, մոտեցել է բարձունքն ազատագրած յուրային ստորաբաժանումներին, չունենալով հակագրոհի ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորություններ, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և որևէ մարտական առաջադրանք իրականացնելու լիազորություն և հրաման՝ անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում:

Յուրային ստորաբաժանումները հրաժարվել են կատարել գեներալ-մայոր Մ.Ա.-ի «նահանջ» հրամանը, ինչից վրդովված, վերջինս հրամայել է կապ հաստատել զորամասի հրամանատարի հետ, որից հետո ռադիոկապով վերջինիս նույնպես հրամայել է ենթակա ստորաբաժանումներին հանձնարարել թողնել «Արեգա» բարձունքը և նահանջել։

Գեներալ-մայոր Մ.Ա.-ն, օգտագործելով զորամասի հրամանատարի նկատմամբ նախկինում անմիջական պետ հանդիսանալու հանգամանքը, իր՝ զինվորականի հեղինակությունը, պնդել և պահանջել է անհապաղ կատարել իր հրամանը՝ ավելացնելով, որ պաշտպանության խորքից է գալիս, իրավիճակին ավելի լավ է տիրապետում. գործողությունների արդյունքում զորամասի հրամանատարը, վստահելով Մ.Ա.-ին և տվյալ պահին մեկ այլ վայրում գտնվելով, ենթակա անձնակազմին հանձնարարել է կատարել վերջինիս հրամանը:

Արդյունքում յուրային ստորաբաժանումները նահանջել են, հակառակորդն առանց դիմադրության առաջացել և նույն օրը՝ ժամը 23։00-ի դրությամբ, վերահսկողության տակ է վերցրել «Արեգա» բարձունքը, և ունենալով գերիշխող դիրք՝ գրոհներ է իրականացրել պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ, կրակի տակ է պահել հարակից մարտական դիրքերը: Հոկտեմբերի 3-ին և 5-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը հետ գրավելու նպատակով իրականացված հակագրոհները ձախողվել են, եղել են զոհեր և վիրավորներ:

2022-ի սեպտեմբերի 1-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003-ի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ ՔՕ 549-րդ հոդվածի 3-րդ մասին):

Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ քննչական կոմիտեում քննվող մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք էր ներկայացվել 2003-ի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն) և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

2022-ի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և Մ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ երկու ամիս ժամանակով։ ‌

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---