Սիմոնյան․ Եթե ընդդիմադիրները մինչև տարեվերջ չվերադառնան ԱԺ, կզրկվեն մանդատներից

Սիմոնյան․ Եթե ընդդիմադիրները մինչև տարեվերջ չվերադառնան ԱԺ, կզրկվեն մանդատներից

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ եթե ընդդիմադիրները մինչև տարեվերջ չվերադառնան ԱԺ, կզրկվեն մանդատներից։

Ըստ նրա՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում այս թեմայով տարբեր դիրքորոշումներ կան, գրում է Aysor.am-ը։

«Պետք է նստաշրջանն ավարտվի, դրա մասին մենք կարող ենք խոսել դեկտեմբերին: Ես վստահ եմ, որ իրենք փորձելու են ինչ-որ ձևով կա՛մ բժշկի թուղթ ներկայացնել, կա՛մ ինչ-որ ձևով գալ ու մասնակցություն ապահովել, իբր, իրենց օրակարգով, դա էլ պարզ չէ, թե ինչ է նշանակում: Տարվա վերջում, ըստ տվյալների, հարցը կմտնի խորհուրդ ու որոշում կկայացվի», - ասել է ԱԺ նախագահը:

Նա նշել է, թե ՔՊ-ում կարծիք է եղել, որ պետք է ընդդիմադիրներին հնարավորություն տալ վերադառնալու, բայց ինքը դեմ է եղել:

«Ես տրամադրված եմ այնպես, որ որևիցե քաղաքական գործիչ չպետք է աշխատավարձ ստանա, օգնականները չպետք է աշխատավարձ ստանան, եթե գործի չեն գալիս: Վստահ եմ՝ հաջորդ անգամ մեր խմբակցությունն ավելի խիստ վերաբերմունք կդրսևորի», - ասել է Սիմոնյանը:

Նա, սակայն, հայտարարել է, թե պատրաստ են ծափահարություններով ընդդիմադիրներին ընդունել ԱԺ դահլիճ:

«Մենք իրենց ծափահարություններով ճանապարհեցինք դահլիճից ու պատրաստ ենք ծափահարություններով իրենց ընդունել դահլիճ: Իրենք լուսանցքում են հայտնվել ու ներսում ունեն լուրջ քննադատություն ու լուրջ քննարկում. մի մասն ասում է՝ «եկեք վերադառնանք», մի մասն ասում է՝ «որ վերադառնանք, շատ վատ կլինի մեզ»: Եթե մինչև տարվա վերջ իրենք չվերադառնան ու կոնկրետ պատգամավորների բացակայությունների չափն անցնի թույլատրելին, վստահ եմ՝ Սահմանադրական դատարանը ճիշտ որոշում կկայացնի, որ իրենց կփոխարինեն այն պատգամավորները, որոնք հասկանում են, որ պատգամավորն Ազգային ժողովում աշխատելու համար է», - հայտարարել է Սիմոնյանը:

Ըստ նրա՝ ընդդիմությունը փողոցում մնացել է միայնակ. «Իրենց բարի երթ»:

Սեպտեմբերի 12-ին մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի և սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Նիստին չեն մասնակցում ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:

Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն վերադառնա խորհրդարան։ «Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ ասվում էր, որ խմբակցությունը շարունակելու է ակտիվ գործունեություն իրականացնել ԱԺ-ից դուրս՝ երկրին սպառնացող վտանգների մասին հանրային լայն շրջանակներին իրազեկելու, քաղաքական գործընթացներում ուղղակի մասնակցություն ապահովելու, «Դիմադրության» շարժմանը նոր թափ հաղորդելու, ներքին ու արտաքին անվտանգային քաղաքական խնդիրները լուծելու նպատակով։

 Ուշագրավ
---