Չալաբյան․ Փաշինյանի ելույթի մեծ մասում ներկայացվում էր թշնամական երկրի դիրքորոշումը

Չալաբյան․ Փաշինյանի ելույթի մեծ մասում ներկայացվում էր թշնամական երկրի դիրքորոշումը

PanARMENIAN.Net - «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին ԱԺ-ում, նշել է, որ դրա մեծ մասում ներկայացվում էր թշնամական երկրի դիրքորոշումը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Լսեցի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ ամբիոնից։ Ասել, որ ծայրահեղ հիասթափված եմ, պարզապես խիստ մեղմ կլիներ.

ա) ելույթի մեծ մասը ներկայացվում էր թշնամական երկրի դիրքորոշումը և նրա «նրբությունները», կարծես թե դրանց նախագահն էր ելույթ ունենում ամբիոնից, և մեզ բացատրում, թե ինչու է պետք այսօր մեզ կոտորել

բ) մեր երկրի դիրքորոշումը, մասնավորապես Արցախի մասով, ընդհանրապես չներկայացվեց, պարզ չի, ինչ է ուզում այս կառավարությունը, որն է նրա կարմիր գիծը այստեղ

գ) նորից խոսեց իր սին և փուչ «խաղաղության օրակարգից», թեև ակնհայտորեն այն արդեն լրիվ դատապարտված է, և հենց այդ պարտվողական քարոզը բերեց այս նոր պատերազմին

դ) բացարձակ չխոսեց նրա մասին, թե ինչու երկու տարի բանակի բարեփոխումների մասով որևէ բան չի արվել, ինչու են նույնիսկ այս օրհասական պայմաններում պատրաստ 24 մլն դրամով իրենց հարուստների զավակներին բանակից ազատել

ե) չխոսեց բնավ, թե ինչու է երկու տարի շարունակաբար միակողմանի զիջումներ անում թշնամուն, անընդհատ գրգռելով նրա ախորժակը, և փաստացի խրախուսելով նրան նոր պատերազմ սկսել մեր դեմ, դեռ հնի վերքերը դեռ չբուժած։

Այս պատերազմական գործողությունների հիմնական պատճառը մեր պետության թուլությունն է, իսկ այն գործող իշխանության ծայրահեղ ապաշնորհ գործունեության արդյունքն է։ Ցանկացած ձախողում կարելի է ճարտար լեզվով հիմնավորել, և դա մենք լսում ենք արդեն երկու տարի, բայց ժամանակն է, որ մեր երկիրը կառավարեն այնպիսի վճռական և կորովի մարդիկ, որոնք ընդունակ են շրջել այս վիճակը, և իրական գործով արդեն հիմնավորել մեր ապագա հաջողությունները»,-ասվում է հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---