Պուտին․ ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում ՀՀ-Ադրբեջան սահմանին լարվածությունը թուլացնելու համար

Պուտին․ ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում ՀՀ-Ադրբեջան սահմանին լարվածությունը թուլացնելու համար

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ խորապես մտահոգում է Ռուսաստանին և Մոսկվան կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը։ Այդ մասին նա ասել է Կրեմլում օտարերկրյա պետությունների դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։

Նա ասել է նաև, որ ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում ՀՀ-Ադրբեջան սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նոյեմբերին Երևանում կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Նշեմ, որ ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում ՀՀ-Ադրբեջան սահմանային գոտում իրավիճակի սրման հետ կապված։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ առճակատման գոտի հատուկ առաքելություն է գործուղվել, որին հանձնարարվել է ստեղծված իրավիճակի ուսումնասիրության արդյունքներով առաջարկներ պատրաստել և ներկայացնել Հավաքական անվտանգության խորհրդին»,-ասել է Պուտինը։

Նա նշել է նաև, որ ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ ՌԴ-ին մտերիմ պետությունների միջև լուրջ մտահոգություն է առաջացնում Մոսկվայում։

«Մենք բոլորին կոչ ենք ենք անում զսպվածություն դրսևորել, պահպանել հրադադարի ռեժիմը և անշեղորեն հետևել ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,-ասել է նա։

Ըստ Պուտինի, «վիճահարույց տարածքային հարցերի լուծման բանալին հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի» երկկողմ հանձնաժողովի շրջանակում մասնագիտական համատեղ աշխատանքն է, Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---