Քոչարյանը՝ զենք գնելու, ԼՂ-ի, ՌԴ դերի նվազման, Իրանի հետ զորավարժությունների և մասնակի իշխանափոխության մասին

Քոչարյանը՝ զենք գնելու, ԼՂ-ի, ՌԴ դերի նվազման, Իրանի հետ զորավարժությունների և մասնակի իշխանափոխության մասին

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրատվամիջոցներին հարցազրույցում խոսել է բանակի և զենքի ձեռքբերման հետ կապված դժվարությունների, ԼՂ հակամարտության, տարածաշրջանում ՌԴ դերի, Իրանի, մասնակի իշխանափոխության հնարավորության մասին։

Գլխավորը ներկայացնում ենք ստորև:

Բանակի և զենքի մասին

Անդրադառնալով իշխանությունների պնդումներին, թե գումար կա, սակայն զենք չի ստացվում գնել՝ Քոչարյանն ասել է․ «Մի՛ հավատացեք այն պնդումներին, թե հնարավոր չէ զենք գնել»։

Նա հավելել է, որ անդամակցությունը ՀԱՊԿ-ին իր իշխանավարության ժամանակ չի խանգարել զենք գնելուն Եվրոպայից, Չինաստանից։ Նա նշել է, որ նույնիսկ ԱՄՆ-ից բարձր որակի կապի միջոցներ են ձեռք բերվել։

Ըստ նրա, 44-օրյա պատերազմից հետո որևէ բան չի արվել այնպիսի բնագիծ կառուցելու համար, որը կզսպեր հակառակորդին, նաև թույլ կտար հարձակման դեպքում ավելի քիչ կորուստներ ունենալ։

«Պետք է լրջորեն զբաղվենք բանակով, 2 տարի է՝ լսում ենք բարեփոխումների մասին, բայց վերջում մի նախագիծ ծնվեց, որով 24 միլիոն դրամով կարելի է ազատվել բանակից։ Սա քայքայիչ է բանակի համար»,- ասել է նա։

Լեռնային Ղարաբաղի մասին

Քոչարյանը նշել է, որ առանց Արցախի հիմնախնդրի լուծման դժվար է պատկերացնել ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորում։

«Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, Հայաստանը, որքան գիտեմ, չի պայքարում այդ մոտեցման դեմ։ Եթե այսպես շարունակվի, ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու – Ստեփանակերտ և ինչ-որ չափով` Մոսկվա ձևաչափով։ Թե ինչ հետևանքներ դա կունենա, ինքներդ գնահատեք»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ իր տպավորությամբ Արցախի իշխանությունները հարմարվել են այս իրավիճակի հետ՝ այն տրամաբանությամբ, որ ՀՀ-ն ձեռքերը լվացել է, իսկ ժողովրդին Արցախում պահելու համար ելք է պետք գտնել, ինչն անհնար է առանց Ադրբեջանի հետ գործակցության։

Երկրորդ նախագահը փաստել է, որ Արցախի կախվածությունն Ադրբեջանից մեծացել է՝ նոր ճանապարհի երթուղում չկա գազամուղ, էլեկտրասյուներ, կապի մալուխներ՝ այդ ամենը մնացել է հին ճանապարհի վրա։ Ուստի՝ այնպիսի մի վիճակ է ստեղծվել, որ Բաքուն, երբ ուզի, «կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար»։

Նա նշել է, որ Արցախի ճակատագիրն առաջին հերթին հենց արցախցիների ձեռքում է, նրանք պետք է պայքարեն այս վիճակի դեմ։

«Արցախի ապագայի բանալին, իմ խորին համոզմամբ Արցախի ժողովրդի ձեռքում է, այդպես է հիմա, այդպես է եղել 1992-ին, երբ մեր վիճակն ավելի լավ չէր»,- ասել է նա։

Ռուսաստանի և Իրանի մասին

Անդրադառնալով Ռուսաստանի դերին տարածաշրջանում՝ նա նշել է, որ այն նվազում է, կապված նաև Ուկրաինայում պատերազմի հետ։ Ըստ նրա, միամտություն է կարծել որ Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ, քանի որ հիմա նաև Ադրբեջանն է ՌԴ-ի դաշնակիցը։

«Մտածել, որ Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ, ուղղակի անհեթեթություն է, չի լինելու նման բան», - ասել է, Քոչարյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ ՌԴ-ն ամեն ինչ անում է ու անելու է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախում չլինի։

Քոչարյանը դրական է գնահատել բոլոր այն քայլերը, որոնք կարող են ինչ-որ չափով զսպել Ադրբեջանին, այդ թվում՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը, ԱՄՆ և Ֆրանսիայի հայտարարություննները, բայց, իր համոզմամբ, ԱՄՆ–ն և Ֆրանսիան չեն կարող պատասխանատվություն ստանձնել Հայաստանի անվտանգության հետ կապված։

Ըստ Քոչարյանի, նրանք կարող են փաստահավաք առաքելություն ուղարկել, վիճակը գնահատել, հայտարարություններ անել, ինչը ևս գնահատելի է։

Նա նշել է, որ պետք է հաշվի առնել՝ ԱՄՆ ազդեցությունը Թուրքիայի վրա նվազել է, ինչպես նվազել է ՌԴ ազդեցությունն Ադրբեջանի վրա։

Անդրադառնալով Իրանի դերին տարածաշրջանում՝ Քոչարյանն ասել է, որ Հայաստանի թույլ տեղը հիմա Սյունիքն է, իսկ Սյունիքը ՀՀ-ից բացի, կարևոր է նաև Իրանի համար, և դա պետք էր օգտագործել։ Նա նշել է, որ կարևոր հայտարարություններ են եղել Իրանի բարձր մակարդակի բոլոր պաշտոնյաների կողմից:

«Առնվազն մի երկու զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ Սյունիքում, որոշ պայմանագրային բազա ստեղծվեր այս ընթացքում։ Դա զսպող հանգամանք կլիներ Ադրբեջանի համար, որովհետև Իրանն այն պետությունը չէ, որին մատ թափ տալով կարելի է կանգնեցնել», - ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ այսօր էլ ուշ չէ նման գործընթաց սկսելու համար։

Մասնակի իշխանափոխության մասին

Խոսելով հնարավոր ելքերի մասին՝ Քոչարյանը չի բացառել նաև մասնակի իշխանափոխությունը՝ երբ գործող խորհրդարանը նոր վարչապետ է ընտրում իշխանության և ընդդիմության համար ընդունելի որևէ անձի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

«ՔՊ-ական պատգամավորների մատները կտրես, ինձ համար չեն քվեարկի։ Սա բոլորս հասկանում ենք, մանկամտությամբ ոչ ոք չի տառապում։ Եթե խոսքը գնա խորհրդարանով նոր վարչապետի ընտրության մասին, դա պետք է լինի մի թեկնածու, որն ընկալելի է իրենց համար»,- նշեց նա՝ հավելելով, որ բոլորը հասկանում են՝ ռադիկալ ընդդիմությունից ոչ ոքի չեն ընտրի, մինչև չլինի հսկայական հանրային ճնշում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---