Միրզոյանն ու Պապիկյանն ընդունել են ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին![]() 17 հոկտեմբերի 2022 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։ Վերջիններիս ներկայացրել են մինչ այս Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների ու այցելությունների արդյունքները։ Կողմերը քննարկել են հոկտեմբերի 6-ի պրահյան հայտարարության համաձայն Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղակայվելիք ԵՄ մշտադիտարկման առաքելության լիազորությունների, տեղակայման վայրերի և այլ մանրամասները։ ԵՄ մշտադիտարկման առաքելության նպատակն է լինելու նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության կառուցմանը և սահմանային անվտանգության ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։ Կարևորելով ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումը՝ նախարար Միրզոյանը կարծիք է հայտնել, որ դրա դիտարկումները և վերլուծությունները կարևոր դեր կկատարեն նաև իրավիճակի վերաբերյալ ԵՄ անդամ երկրներին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու գործում։ Նույն օրը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես ընդունել է առաքելության անդամներին: Պաշտպանության նախարարը ողջունել է առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դիտորդական խումբը 40 անդամ կունենա։ Դիտորդները տեղակայվելու են իրավիճակի դիտարկման, վերլուծության և դրա մասին զեկուցելու նպատակով։ Դիտորդներ կներգրավվեն Վրաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունից։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |