Փրայսը՝ հայ-ամերիկյան ռազմական գործակցության մասին․ Կոնկրետ հայտարարություն չունեմ հնչեցնելու

Փրայսը՝ հայ-ամերիկյան ռազմական գործակցության մասին․ Կոնկրետ հայտարարություն չունեմ հնչեցնելու

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսն ԱԺ-ում ասուլիսի ժամանակ, արձագանքելով հարցին, թե ինչպիսի՞ն կարող է լինել ՀՀ-ԱՄՆ ռազմական գործակցությունը, ասել է, որ այդ առնչությամբ կոնկրետ հայտարարություն չունի հնչեցնելու։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստան այցի ժամանակ, պատասխանելով նույն հարցին, ասել էր, որ Հայաստանում է՝ լսելու, թե հայկական կողմն ինչ ակնկալիքներ ունի այդ առնչությամբ։ Լրագրողները հարցրել են, թե մեկ ամիս անց կա՞ն կոնկրետ ծրագրեր, ինչպիսի՞ն կարող է լինել ՀՀ-ԱՄՆ ռազմական համագործակցությունը։

«Որևէ կոնկրետ հայտարարություն այսօր դրա վերաբերյալ չունեմ ներկայացնելու, բայց կարծում եմ, որ խոսնակ Փելոսին շատ հստակ անդրադարձ է արել»,- ասել է Փրայսը, գրում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ այժմ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոփոխվել է, անվտանգային տիրույթում ևս կարող են փոփոխություններ լինել։

«Ակնհայտ է, որ տարածաշրջանում բալանսը փոխվում է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ կապված իրադարձությունները։ Միգուցե որոշ ուժեր այլևս այդքան արմատական չեն, որքան եղել են, և, վստահաբար, կլինեն փոփոխություններ։

Այս պահին քննարկումներ են տեղի ունենում և՛ մեր բարեկամների միջև, և՛ նրանց հետ՝ մասնավորապես այն մասով, թե ինչ հարաբերություններ կզարգանան՝ ներառյալ անվտանգային տիրույթում։ Կարող եմ ասել, որ այդ քննարկումները բավականին ինտենսիվ են»,- ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 Ուշագրավ
---