25 հոկտեմբերի 2022 - 15:06 AMT
Ֆրանսիայի Սենատում ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևը քննարկվելու է նոյեմբերի 14-ին

Ֆրանսիայի Սենատում ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևը քննարկվելու է նոյեմբերի 14-ին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Նա հայտնել է նաև, որ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցն արտահերթ կարգով քննարկվել է Բարսելոնայում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի 34-րդ համաժողովում։

«Այն օրակարգ ներառվեց հենց տեղում, պատվիրակությունների նախագահների խորհրդի որոշմամբ։ Արդեն լիագումար նիստերին հայկական պատվիրակությունը ներկայացրեց իրավիճակի բոլոր մանրամասները։

Ինձ համար ակնհայտ էր, որ հարցի նկատմամբ ուշադրության էական աճ կա բոլոր պատվիրակությունների շրջանում։ Հստակ աջակցության խոսքեր լսեցինք Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Հունաստանի խորհրդարանականներից, ինչպես նաև` ՖԽՎ ներկայացուցիչներից»,-ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։