26 հոկտեմբերի 2022 - 17:36 AMT
Տկաչիկը՝ ԱԽ քարտուղարին․ ԵԱՀԿ-ն կշարունակի խորացնել ՀՀ հետ գործակցությունը

ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության ղեկավար, ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կշարունակի խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը, ինչի համար կա երկկողմ պատրաստակամություն:

ԱԽ քարտուղարը կարևորել է առաքելության աշխատանքը միջազգային հանրությանը սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայի մասին տեղեկատվություն փոխանցելու գործում:

Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի սանձազերծած ագրեսիան և դրա հետևանքները: Քարտուղարն ընդգծել է, որ վերոնշյալը հարված է ոչ միայն ՀՀ ինքնիշխանությանը, այլ նաև Հայաստանի ժողովրդավարությանը:

ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբը Հայաստան է ժամանել է Երևանի հրավերով։ Այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և նրա համալիր անվտանգության հայեցակարգի շրջանակում։ Խումբն այցելել է ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր, ինչպես նաև դիրքեր։ Նրանց ներկայացվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, նաև վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո։