26 հոկտեմբերի 2022 - 18:58 AMT
Փաշինյան․ ՌԴ-ից ասում էին` սահմանազատման հանձնաժողովի աշխատանքն ինքնին անվտանգության մեխանիզմ կլինի, հետո եղավ սեպտեմբերի 13-ը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով 2021-ի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությանը, «մի խոստովանություն է արել»՝ ասելով, որ այն ժամանակ հայկական կողմն ասում էր, որ նախ պետք է անվտանգության մեխանիզմներ ստեղծել, հետո նոր խոսել սահմանազատման մասին, բայց ՌԴ-ի գործընկերներն ասում էին, որ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքն ինքնին անվտանգության մեխանիզմ կլինի։

2021-ի նոյեմբերի 26-ի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության կողմերը պայմանավորվում են միջոցներ ձեռնարկել ՀՀ-Ադրբեջան սահմանին անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ և մեկնարկել սահմանագծման հանձնաժողովի աշխատանքը։

«Այդ ժամանակ մեր մի շարք գործընկերներ, այդ թվում՝ ՌԴ-ի գործընկերները, ասում էին, որ սահմանազատման հանձնաժողովի գործունեությունն ինքնին անվտանգության մեխանիզմ կլինի։ Չէինք կիսում այդ տեսակետը, բայց փակուղի չմտնելու համար որոշեցինք գնալ այդ քայլին, բայց հանձնաժողովի ձևավորումից հետո եղավ սեպտեմբերի 13-ի ագրեսիան։ Ինձ համար անհասկանալի է, որ այն ժամանակ այն գործընկերները, որոնք ասում էինք, որ սահմանազատման հանձնաժողովի ձևավորումը նաև անվտանգության մեխանիզմ է, սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հանդեպ մինչև օրս հստակ քաղաքական դիրքորոշում չեն հայտնել։ Այս հարցերը պատրաստվում եմ քննարկել նաև ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման ձևաչափով»,-ասել է վարչապետը։