Միրզոյանն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են հետագա գործակցությունը

Միրզոյանն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են հետագա գործակցությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելը և նրա գլխավորած պատվիրակության անդամները քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպմանը նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:

ԱԳՆ ղեկավարը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ համոզմունք հայտնելով, որ այն իր նպաստը կբերի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը։

Շչիգիելը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել է իրենց գործունեության շրջանակն ու առաջիկա աշխատանքները մեր երկրում:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

Հոկտեմբերի 14-ին Երևան էր ժամանել Եվրամիության տեխնիկական պատվիրակությունը՝ Ադրբեջանի հետ սահմանին մոնիթորինգի առաքելության աշխատանքները նախապատրաստելու նպատակով: Հոկտեմբերի 27-ին Եվրամիության դիտորդները սկսել են պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---