ԱՀ ԱԳՆ․ Բաքվի հետ ցանկացած քննարկում ընդունելի կլինի միայն միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի դեպքում

ԱՀ ԱԳՆ․ Բաքվի հետ ցանկացած քննարկում ընդունելի կլինի միայն միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի դեպքում

PanARMENIAN.Net - Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ԱՀ համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը՝ չեղարկելու Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը, իսկ բանակցությունները ներկայացնել որպես «խոսակցություն Ղարաբաղում ապրող հայերի հետ» և Ադրբեջանի ներքին քաղաքականության շրջանակներում ընկած գործընթաց։

Նշվում է նաև, որ պաշտոնական Բաքվի հետ ցանկացած քննարկում ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե ընթանա միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափով և կողմերի իրավահավասարության սկզբունքի պահպանմամբ:

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտ և առանցքային բաղադրիչներից է բանակցային լիարժեք ձևաչափը և այդ շրջանակներում ընթացող քննարկումներն ու հանդիպումները։

Արցախի ժողովուրդը մի քանի անգամ արտահայտել է իր դիրքորոշումը սեփական ապագայի վերաբերյալ, որը վերահաստատվել է հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքով։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բազմիցս ընդգծել է բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը և ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար լավագույն հարթակի պահպանման կարևորությունը։ Մեր տվյալ դիրքորոշումը մնում է անփոփոխ:

Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետությունը չի հրաժարվում պաշտոնական Բաքվի հետ երկկողմ հարաբերություններին և հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի քննարկումից։ Սակայն հարկ ենք համարում շեշտել, որ ցանկացած քննարկում ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե ընթանա միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափով և կողմերի իրավահավասարության սկզբունքի պահպանմամբ»,- նշված է Արցախի ԱԳՆ հայտարարությունում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրամիության պատվիրակության հետ հանդիպմանը, որը գլխավորում է Արևելյան գործընկերության երկրների գծով հատուկ դեսպանորդ Դիրկ Շուբելը, հայտարարել է, թե չի բանակցի Լեռնային Ղարաբաղում «մոսկովյան էմիսար» (ԼՂ պետնախարար, խմբ.) Ռուբեն Վարդանյանի հետ:

«Մենք պատրաստ ենք խոսել մարդկանց հետ, որոնք ապրում են Ղարաբաղում և ուզում են այնտեղ ապրել։ Եվ այդ գործընթացը սկսվել է։ Եթե չլիներ որոշ երկրների միջամտությունը, որոնք ես նոր թվարկեցի, կարծում եմ, այդ գործընթացն ավելի դինամիկ կլիներ։ Բայց դա ոչ մի կապ չունի Փաշինյանի և նրա կառավարության հետ։ Պետք է կոնսենսուս լինի Ադրբեջանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՌԴ միջև՝ այսինքն այն երկրների և ինստիտուտների, որոնց Ադրբեջանը համարում է ունակ աջակցելու այդ գործում»,- ասել է Ալիևը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---