Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման նախագիծը համարվել է անհետաձգելի և ուղարկվել ԱԺ

Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման նախագիծը համարվել է անհետաձգելի և ուղարկվել ԱԺ

PanARMENIAN.Net - Կառավարությունն անհետաձգելի է համարել քաղաքացիների եկամուտների հայտարարագրման նախագիծը և ուղարկել ԱԺ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագծերի փաթեթով Հայաստանում ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ:

«Նախագիծը կքննարկվի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում և դրական եզրակացություն ստանալու դեպքում՝ առաջին ընթերցմամբ կքննարկվի ԱԺ դեկտեմբերի 6-ին մեկնարկող լիագումար նիստում:

Մինչև հանձնաժողովի նիստը կկազմակերպվի աշխատանքային քննարկում, որին կհրավիրվեն նաև անկախ փորձագետներ:

Իսկ առաջին ընթերցումից մինչև երկրորդն ընկած ժամանակահատվածում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ:

Համակարգը ներդրվելու է 2023 թվականից, փուլային տարբերակով: Առաջին հայտարարագրերը կլրացվեն 2024 թվականի սկզբին:

Նախագծերի փաթեթը և հիմնավորումները ներկայացված են e-gov.am կայքի՝ կառավարության նոյեմբերի 17-ի նիստի օրակարգում (34-րդ կետ)»,-ասվում է գրառման մեջ։

Կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստում որոշել է, որ 2023-ից սկսած Հայաստանում ներդրվում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Այն կիրականացվի 3 փուլով և կավարտվի 2025-ին: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, հայտնել է, որ հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից:

Ընթերցեք նաև․ ՀՀ բոլոր քաղաքացիները եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն, հակառակ դեպքում՝ 20-300,000 դրամի կտուգանվեն

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---