«Միացյալ Հայաստանը» կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, ցուցակը կգլխավորի Թարվերդյանը

«Միացյալ Հայաստանը» կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, ցուցակը կգլխավորի Թարվերդյանը

PanARMENIAN.Net - «Միացյալ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է 2023-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, ցուցակը գլխավորելու է կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը։

«Կուսակցությունն արդեն իսկ մշակում է ծրագրերը, իրականացնում ենք ուսումնասիրություններ, հարցումներ` քաղաքացների շրջանում, փորձում ենք հասկանալ, թե ինչ հարցեր են հուզում քաղաքացիներին։ Այն, որ Երևանում առկա են մի շարք տեսանելի խնդիրներ՝ քաղաքային տրանսպորտի, վթարային շենքերի, վերելակների և այլնի հետ կապված, փաստ է։ Այս խնդիրներից զատ, կան նաև մի շարք խորքային խնդիրներ, օրինակ` Երևանի, հատկապես կենտրոնում խայտաբղետ տեսքը, և այլն։ Այս բոլորը հարցերը մեր ուշադրության ներքո է», - ասել է Թարվերդյանը, հայտնում է Aysor.am-ը։

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավարը ընդգծել է, որ, ինչպես աշխարհի շատ մայրաքաղաքներ, այնպես էլ Երևանը անընդհատ կատարելագործվելու և ավելի լավը դառնալու կարիք ունի, բայց նաև հինը պահելու։

«Մենք հայտարարում ենք, որ պարտադիր մասնակցելու ենք ավագանու ընտրություններին, ցուցակը գլխավորելու եմ ես։ Չենք սպասելու վերջին օրվան, մինչև ընտրություններն ընկած ժամանակահատվածում աշխատելու ենք, ծրագիրը և առաջիկա անելիքներն արդեն իսկ ընթացքի մեջ են, փորձելու ենք այս ընթացքում վեր հանել քաղաքին վերաբերող և մեր քաղաքացիներին հուզող մի շարք խնդիրներ», - ասել է Թարվերդյանը։

Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունները նախատեսված են 2023-ին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետի 2023 թվականի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն լինելու է Տիգրան Ավինյանը։ Կմասնակցի նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---