Մարուքյան․ ՀԱՊԿ-ում անկեղծ շփում է եղել՝ ՀՀ մոտեցումներն ընկալվել են

Մարուքյան․ ՀԱՊԿ-ում անկեղծ շփում է եղել՝ ՀՀ մոտեցումներն ընկալվել են

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, Հանրայինի եթերում անդրադառնալով ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովին, ասել է, որ անկեղծ շփում է եղել, ՀՀ ներկայացրած մոտեցումները ընկալում են գտել։

«Այդ ընկալման լույսի ներքո կողմերը շատ ջերմ մթնոլորտում են բաժանվել, իսկ ՀՀ-ն պահպանել է իր բոլոր նշաձողերը»,-ասել է նա։

Նշելով, որ ՀԱՊԿ-ի արձագանքը չի համապատասխանում իր պարտավորություններին՝ Մարուքյանն ասել է, որ Կազմակերպությունը պետք է հստակ քաղաքական գնահատական տա Ադրբեջանի ագրեսիային, ՀՀ տարածքների օկուպացիային։

«Մինչև վերջին պահը չի հաջողվել ստանալ մի այնպիսի տարբերակ, որտեղ Հայաստանի սահմանված նշաձողերը կպահպանվեին։ Մենք մեր ՀԱՊԿ գործընկերների հետ շատ ազնիվ ու անկեղծ ենք եղել»,-ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ փորձել են աշխատեցնել ՀԱՊԿ-ին, որ դառնա գործող կառույց։

«Թե ինչքանով ստացվեց ՀԱՊԿ-ն աշխատեցնել բոլորս տեսանք Ղազախստանի դեպքում, իսկ Հայաստանի պարագայում ՀԱՊԿ-ը մինչ օրս չի կարողանում քաղաքական գնահատական տալ»,- ասել է հատուկ հանձնարարություններով դեսպանը։

Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ նշելով, որ ստորագրման ներկայացված նախագիծը վերջնական տեսքի չի բերվել։

Փաշինյանը նշել է, որ իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և որոշումը չկայացնելը կարող է նշանակել «ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»։ Նա հավելել է, որ Հայաստանն առաջարկում է ՀԱՊԿ ՀԱԽ որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից: ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանն իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---