Օհանյան․ Թուրքիան և Ադրբեջանը կանգ չեն առնի, մինչև Սյունիքում չստանան իրենց ասած «միջանցքը»

Օհանյան․ Թուրքիան և Ադրբեջանը կանգ չեն առնի, մինչև Սյունիքում չստանան իրենց ասած «միջանցքը»

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Իրանի հետ սահմանին մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, ասել է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նոր ռազմավարությունում ակնհայտ է ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությունը՝ զինված ուժերի գործակցության մակարդակի բարձրացմամբ։ Նա հավելել է, որ զորավարժությունների ժամանակ երկու երկրի նախագահներն էլ ասում են՝ «մեկ բանակ», «մեկ երկիր», «մեկ ազգ»։

«Ցանկացած ժամանակ կարող են մարտական գործողություններ սկսվել։ Ադրբեջանն ու Թուրքիան չեն ուզում մեզ հարևան լինել․ թեև խոսում են խաղաղության մասին, սակայն հռետորաբանությունը, հայատյացությունը և սադրանքները խոսում են այն մասին, որ կանգ չեն առնի, մինչև Սյունիքում չստանան իրենց ասած «միջանցքը»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

Նրա բնորոշմամբ՝ նման զորավարժությունները խնդիր ունեն Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համագործակցությունն ու պատրաստվածությունը բարձրացնել՝ այս կամ այն առաջադրանք կատարելու ուղղությամբ կամ որևէ իրավիճակին արձագանքելու նպատակով։

«Դրանք իրականացվում են ՀՀ-ի և Իրանի սահմանների մոտ, իսկ բնույթից պարզ է, որ կատարում են խնդիրներ, որոնք վերաբերում են գետանցումներին։ Այսինքն, ուղղված են հարևան երկրների դեմ, որոնց հետ Թուրքիան և Ադրբեջանը խնդիրներ ունեն։ Դրանք նաև ուժի ցուցադրում են ՀՀ-ին ու Իրանին»։

Ըստ Սեյրան Օհանյանի՝ ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում արևմուտք-Իրան հակամարտությունն առկա է։

«Մերձավոր արևելքում և Հարավային Կովկասում արևմուտքի ներկայացուցիչը Թուրքիան է, հետևաբար՝ զորավարժություններն ուղղված են նաև Իրանին։ Իսկ Իրանի ղեկավարությունը քանիցս ցույց է տվել, որ իր համար անընդունելի են Սյունիքի սահմանների փոփոխությունները միջանցքի տրամաբանությամբ։ Այդ պատճառով Իրանը Կապանում հյուպատոսություն բացեց։ Իրանը լուրջ գործոն է մեր տարածաշրջանում՝ անվտանգության համակարգի ձևավորման տեսանկյունից»,-ասել է նա։

Օհանյանը նաև նշել է, որ ՀՀ զինված ուժերը լուրջ եզրակացություններ և գնահատականներ պետք է տան ռազմաքաղաքական իրավիճակին և համալրման, նմանօրինակ զորավարժությունների աշխատանքներ անեն՝ պաշտպանական և կանխարգելիչ բնույթի։

Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում Իրանի հետ սահմանին։ Զորավարժությունների ընթացքին կհետևի դեկտեմբերի 4-ին Ադրբեջան ժամանող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու Թուրքիայի ԶՈւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Զորավարժություններնն անցնում են 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողությակ տակ հայտնված տարածքներում, ինչպես նաև ներգրավում են Բաքուն։ Ըստ զորավարժությունների սցենարի, նախատեսվում է կամուրջների կառուցում գետի վրայով, ինչպես նաև դեսանտի իջեցում հակառակոդրի թիկունքում։ Հատուկ ուշադրության կենտրոնում զորքերի գործողությունների համակարգումն է։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---