Դավիթ Սահակյանցը չի վերցնի ԱԺ պատգամավորի մանդատը

Դավիթ Սահակյանցը չի վերցնի ԱԺ պատգամավորի մանդատը

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքի անդամ, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը չի վերցնի ԱԺ պատգամավորի մանդատը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ նպատակահարմար չի գտնում ստեղծված իրավիճակում գործունեություն ծավալել խորհրդարանում։

«2020 թ. համազգային աղետից հետո ստեղծված օրհասական իրավիճակում ցանկությունս մեծ էր միանալ պետության և պետականության փրկության շարժմանը, սակայն հանդիպելով անարդարության և ականատես լինելով մի իրավիճակի, որտեղ պատերազմում աղետալի պարտությունից և անդառնալի կորուստներից հետո շարունակեցին իշխել ու երկիրը կործանման տանել նույն ուժերը, ես հասկացա, որ այլևս անզոր եմ ինչ-որ բան փոխել՝ անգամ պատգամավորական մանդատ ունենալով:

Լինելով անկուսակցական, 2021 թ.-ին մասնակցել եմ խորհրդարանական ընտրություններին՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով, բայց այժմ նպատակահարմար չեմ գտնում ստեղծված իրավիճակում գործունեություն ծավալել խորհրդարանում, ուստի կշարունակեմ ծառայել պետությանն ու հասարակությանը իմ ոլորտում :

Հ.Գ. Վաղը մանդատից հրաժարվելու դիմումը կներկայացնեմ ԿԸՀ:

Հ.Հ.Գ. Գտնում եմ, որ ներկայումս ԱԺ-ում անհրաժեշտ է ոչ թե մշակույթի գործչի, այլ էկզորցիստների ներկայությունը»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ մանդատը չվերցնելու մասին են հայտնել նաև իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունն Ազգային ժողովում։ «Կուսակցության անդամ 4 պատգամավորից 3-ը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում՝ կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակներում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---