ԱԽ քարտուղար․ Վերջնական որոշում չկա` խաղաղության պայմանագրո՞վ է ԼՂ հիմնահարցը լուծվելու, թե առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու

ԱԽ քարտուղար․ Վերջնական որոշում չկա` խաղաղության պայմանագրո՞վ է ԼՂ հիմնահարցը լուծվելու, թե առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու

PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դեռևս վերջնական որոշում չկա` խաղաղության պայմանագրո՞վ է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծվելու, թե առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու։

«Վաշինգոտնյան հանդիպումից հետո իմ ու Ադրբեջանի նախագահի օգնականի միջև համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա, նաև հստակություն չկա` խաղաղության պայմանագրո՞վ ենք դա անելու, թե՞ խաղաղության պայմանագրից դուրս», - նշել է Գրիգորյանը, գրում է Aysor.am-ը։

Նա ասել է, որ Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, կողմ է, որ քննարկում տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև իրավունքների ու անվտանգության վերաբերյալ:

ԱԽ քարտուղարն ասաց, թե ենթադրում է, որ երբ Ադրբեջանը գրել է հինգ կետերը, դրանցից երեքը ԼՂ մասին է` առանց Լեռնային Ղարաբաղի անունը տալու:

«Խաղաղության պայմանագրում որոշակի այդպիսի նախադասություններ կան, որոնցից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին` առանց հստակեցնելու: Հայկական կողմի մոտեցումն այն է, որ եթե որևէ ակնարկ կա Լեռնային Ղարաբաղի մասին, ապա դա պետք է հստակ նշվի», - ընդգծել է Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարն ասել է նաև, որ խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա, մեկն առաջարկել է Ռուսաստանի Դաշնությունը, մյուսն այն տեքստն է, որի վրա հիմա աշխատում են, գրում է Aysor.am-ը։

Նա վստահեցրել է, որ Արևմուտքը որևէ տեքստ չի առաջարկել Հայաստանին:

Այն դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե կա երկու տարբերակ`ռուսական ու արևմտյան, Արմեն Գրիգորյանն արձագանքել է. «Ես կարծում եմ, որ խոսքերը աղավաղված եք ներկայացնում, չկա այդպիսի տեքստ: Համոզված եմ, որ մեր կողմից չի կարող որևիցե մեկն ասել, որ կա երկու տեքստ: Մենք Բրյուսելից, Վաշինգտոնից կամ որևէ այլ մայրաքաղաքից թուղթ չենք ստացել խաղաղության պայմանագրի վերաբերյալ»:

Ավելի վաղ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ սահմանների հարցի լուծումը, չի կարող և չպետք է կապված լինի Արցախի Հանրապետության կարգավիճակի հետ։

Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա կարգավիճակի հետ, որը սահմանվել է մեր երկրի ժողովրդի կողմից՝ միջազգային իրավունքի նորմերին, սկզբունքներին և այն ժամանակ գործող խորհրդային օրենսդրությանը ամբողջական և խիստ համապատասխանությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---