Գրիգորյանը՝ Հաջիևին․ Հերքվում է փաստված բան, ամերիկյան կողմն էլ է ներկա եղել

Գրիգորյանը՝ Հաջիևին․ Հերքվում է փաստված բան, ամերիկյան կողմն էլ է ներկա եղել

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի խոսքերին, որը հերքել է Վաշինգտոնում միջազգային մեխանիզմների մասով պայմանավորվածության առկայությունը, ասել է՝ հերքվում է փաստված բան` ամերիկյան կողմն էլ է ներկա եղել։

Դեկտեմբերի 8-ին Գրիգորյանն ասել էր, որ Վաշինգոտնյան հանդիպումից հետո իր և Հաջիևի միջև համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Հաջիևը հակադարձել է, թե նման բան չի եղել` բանակցություններում որևէ հարցի քննարկում չի նշանակում, որ այդ հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:

Գրիգորյանը, արձագանքելով Հաջիևին, ասել է, որ կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել:

«Վաշինգտոնում ադրբեջանական կողմի հետ անցկացված բանակցությունների սենյակում միայն հայկական կողմը չի եղել` ամերիկյան կողմն էլ է ներկա եղել։ Կա դրա մասին արձանագրություն և ադրբեջանական կողմը տեղյակ է։ Զարմանում եմ, որ հերքվում է փաստված բանը»,-ասել է նա՝ հավելելով, որ շարունակելու են աշխատել։

«Բնականաբար, շարունակելու ենք աշխատել, որ հասկանանք, թե որն է այն մեխանիզմը, որի շրջանակներում պայմաններ են ստեղծվելու, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ»,-ասել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը տեղեկացրել է նաև, որ վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ բազմաթիվ աշխատանքներում հետաքրքրություն են տեսել այս ուղղությամբ շարունակելու աշխատանքները։ Նա հույս է հայտնել, որ հայկական կողմը կկարողանա հասնել այդ նպատակին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---