«Սպայկա»-ի և փոխկապակցված կազմակերպությունների կողմից պետբյուջե է վերականգնվել մոտ 8.5 մլրդ դրամ

«Սպայկա»-ի և փոխկապակցված կազմակերպությունների կողմից պետբյուջե է վերականգնվել մոտ 8.5 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - «Սպայկա» ՍՊԸ-ի և ընկերության հետ փոխկապակցված մյուս կազմակերպությունների կողմից պետական բյուջե է վերականգնվել մոտ 8.5 մլրդ դրամ, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

ՊԵԿ-ի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում, ինչպես արդեն տեղեկացվել էր, պարզվել է, որ «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրենը, նշված կազմակերպության, ինչպես նաև փաստացի իր կողմից ղեկավարվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի միջոցով 2015-2018թթ. ժամանակահատվածում տարբեր երկրներից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, Հունաստանից, Հայաստան էր ներմուծել տարատեսակ սննդամթերք (պանիր, տանձ, չինական կաղամբ, լոլիկ, վարունգ): Սակայն, խեղաթյուրելով ձեռք բերված ապրանքների վերաբերյալ տվյալները և ՀՀ մաքսային մարմիններին ներկայացնելով դրանց վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ձեռք բերված սննդամթերքը ՀՀ ներմուծելիս ձևակերպել էր որպես ամոնիումի նիտրատ (սելիտրա)՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:

Հետագա նախաքննության ընթացքում իրականացված մեծամասշտաբ քննչական գործողությունների՝ հարցաքննությունների, խուզարկությունների, առգրավվումների, զննումների, այլ պետությունների իրավասու մարմիններից ստացված իրավական օգնության միջնորդությունների պատասխանների, ինչպես նաև իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել նկարագրված հանցավոր արարքները հիմնավորող անհերքելի ապացույցներ: Հաշվարկվել և հստակեցվել է պետությանը չվճարված հարկային պարտավորությունների վերջնական չափը:

Վերոգրյալի հիման վրա «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003-ին ընդունված և մինչև 01.07.2022թ.-ին գործած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ընթացքում մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել և պատրաստակամություն հայտնել օժանդակել նախաքննությանը և պետական բյուջե վճարել հաշվարկված լրացուցիչ հարկային պարտավորությունները:

Քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված ելակետային տվյալներն օգտագործվել են «Սպայկա», «Գրինպրոդուկտ» և «Վիլլիջ Գրուպ» ընկերություններում իրականացնող համալիր հարկային ստուգումների ընթացքում և արդյունքում՝ նշված ելակետային տվյալների, ինչպես նաև տվյալ կազմակերպությունների կողմից հարկային մարմնին ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա հաշվարկվել են լրացուցիչ մոտ 5.5 մլրդ դրամ գումարի չափով վերջնական հարկային պարտավորություններ, որի գերակշիռ մասը պետական բյուջե է վերականգնվել 2022թ.-ի նոյեմբերին, իսկ մնացած մասը ընկերությունը պարտավորվել է վճարել ըստ սահմանված ժամանակացույցի:

Քրեական վարույթի ընթացքում «Սպայկա» ընկերության և դրա հետ փոխկապակցված մյուս կազմակերպությունների կողմից, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վերականգնվել մոտ 8.5 մլրդ դրամ գումար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---