44-օրյայում զոհվածների ծնողներ․ Սթափվել և լծվել պայքարի

44-օրյայում զոհվածների ծնողներ․ Սթափվել և լծվել պայքարի

PanARMENIAN.Net - «Որդիների կանչ» սոցիալ-հայրենասիրական կազմակերպությունը, որը միավորում է 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին և հարազատներին, հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով սթափվել և անմիջապես լծվել պայքարի։

Նշվում է, որ մեկ շաբաթից ավելի է, ինչ Արցախը շրջափակված է, Բերձորի կյանքի ճանապարհը փակված է կեղծ օրակարգով՝ կեղծ բնապահպանների կողմից, որոնց իրական նպատակները հասկանալը մեծ ջանքեր չի պահանջում՝ հայաթափել Արցախը և անցնել Հայաստանին։

«Արցախի հողում մարտնչած և այդ հողի համար կյանք տված Հերոսների բազմաթիվ ծնողներով մեծ ոգևորություն ենք ապրում, երբ տեսնում ենք Արցախի մեր եղբայրների ու քույրերի միասնականությունը և մինչև վերջ պայքարելու կամքը։

Միևնույն ժամանակ, ի՞նչ ենք տեսնում Հայաստանում և, մասնավորապես, Երևանում. ապազգային ու թուրքասեր իշխանությունների լռություն, ինչ-որ տեղ նաև՝ չարախնդում։ Նման անպատվաբեր դիրքորոշումը մեզ ամենևին էլ չի զարմանցում, երկիրը դավաճանական պարտության տարածներից այլ վարք մենք չէինք էլ սպասում։

Իսկ ի՞նչ դիրքորոշում է դրսևորում մեր ժողովուրդը, երբ տասնյակ հազարավոր հայ մանուկներ ամեն վայրկյան կարող են դառնալ թուրքական հերթական հակամարդկային ոճիրի զոհը։

Անտարբերությունը քանդել ու քանդում է մեր տունը, շատերին թվում է, թե Երևանում ավելի պաշտպանված են, քան Արցախում կամ Սյունիքում։ Շատերը կարծում են, որ հանձնելով Արցախը կամ Սյունիքը կարող են փրկել իրենց անպատիվ կյանքերը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ եթե իշխանության, նրանց աջակիցների և անտարբերների վարքագիծը զարմանալի չէ, ապա տարակուսանք է առաջացնում այն հարյուր հազարավոր հայրենակիցների դիրքորոշումը, որոնք ունեն ազգային արժեհամակարգ և բազմիցս ցուցադրել են, որ համաձայն չեն այս իշխանությունների ապազգային և դավաճանական օրակարգերի հետ։

«Ընկճվածության և հավատի կորստի ֆոնի վրա թրքասեր իշխանությունը տոնում է հերթական հաղթանակը մեր նկատմամբ՝ բաժանելով հասարակությանը շերտերի։ Չկա կազմակերպվածություն, չկան առաջնորդող ուժեր։ Նման պահվածքը բացարձակապես ընդունելի չէ։

Կոչ ենք անում սթափվել և անմիջապես լծվել պայքարի։ Օրակարգը նույնն է՝ հաղթանակ ներքին և արտաքին թուրքերի նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները աջակցություն են հայտնել Արցախի հայրենակիցներին՝ նշելով, որ մինչև վերջ իրենց կողքին են։

«Մեզ պարտադրում է նաև մեր որդիների արյան կանչը։ Մեր պայքարն արդար է ու հաղթականը մերն է լինելու»,-ասվում է հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---