Զատուլին․ Վճռական գործողությունները Լաչինում կարող են արյունահեղության բերել, ինչից ՌԴ-ն ուզում է խուսափել

Զատուլին․ Վճռական գործողությունները Լաչինում կարող են արյունահեղության բերել, ինչից ՌԴ-ն ուզում է խուսափել

PanARMENIAN.Net - Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ վճռական գործողությունները Լաչինի միջանցքում կարող են արյունահեղության բերել, ինչից ՌԴ-ն ցանկանում է խուսափել։

Նա անդրադարձել է նաև ռուս խաղաղապահների անգործության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին՝ նշելով, որ Փաշինյանի հայտարարությունները չեն հեշտացնում ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված Մոսկվայի խնդիրը, հայտնում է «Վեդոմոստին»։

«Ադրբեջանի այդ ակցիան, անշուշտ, վարկաբեկում է Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը։ Սակայան մինչ օրս մանդատը համաձայնեցված չէ։ Նրանք շտապ կարգով են տեղակայվել, իսկ մանդատը միտումնավոր չի համաձայնեցվել, հիմնականում՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Հասկանալի է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակմանն ուղղված վճռական գործողությունները կարող են արյունահեղության հանգեցնել, ինչից ՌԴ-ն ցանկանում է խուսափել։ Մենք շատ բարդ խնդիր ունենք, որը պարոն Փաշինյանը չի թեթևացնում»,-ասել է նա։

Զատուլինը նշել է, որ ՌԴ ուժերը մտել են Լեռնային Ղարաբաղ՝ ռազմական գործողությունները կանխելու համար։

«Եթե նրանք չլինեին, ապա Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակում կկրկնվեր այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ ռուս խաղաղապահներ չկային։ Մեկ շաբաթ տևած մարտերի արդյունքում ադրբեջանական զորքերը 8 կմ խորությամբ առաջացել են Հայաստանի տարածքում»,- ասել է Պետդումայի պատգամավորը։

Զատուլինը նաև ասել է, որ հայերի մեծամասնությունը Ռուսաստանին պատմականորեն համարում է իր հիմնական և գրեթե միակ դաշնակիցը։

«Փաշինյանը հիմա նպատակադրվել է կոտրել այդ ընկալումը, այս կուրսը նա սկսել է կյանքի կոչել այս տարվա սեպտեմբերից։ Նա բանակցային այլ միջնորդական հարթակ ընտրելու ցանկություն է ցույց տալիս»,-ասել է Զատուլինը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը,ասել է, որ փաստացի իր պարտավորությունները, այն է՝ վերահսկողության տակ պահել միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---