29 դեկտեմբերի 2022 - 11:40 AMT
Փաշինյան․ ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի, լրացուցիչ 4 մլրդ դրամ կուղղվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, նշելով, որ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը օր-օրի սրվում է, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղին 4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն կցուցաբերվի և հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում աջակցելու համար աշխատանքային խումբ կձևավորվի։

Աշխատանքային խումբը կգլխավորի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Խումբը զբաղվելու է ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկմամբ և անհրաժեշտ հումանիտար աջակցության կազմակերպմամբ, այդ թվում` միջազգային կազմակերպությունների օգնությամբ։

Խմբում կընդգրկվեն առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ՏԿԵ նախարարները և այլ գերատեսչությունների ղեկավարներ։

Վարչապետը նշել է, որ Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի զգալի, խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվել, իսկ հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական ծանր վիճակում։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։