Դը Վաալ. Այս շրջափակումը միայն Լաչինի միջանցքի համար չէ՝ ավելիի համար է

Դը Վաալ. Այս շրջափակումը միայն Լաչինի միջանցքի համար չէ՝ ավելիի համար է

PanARMENIAN.Net - «Քարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, Ղարաբաղյան հակամարտության գիտակ Թոմաս դը Վաալը «Ազատությանը» հարցազրույցում, անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը, ասել է, որ այս շրջափակումը, այս ճնշումը միայն Լաչինի միջանցքի համար չէ, այն ավելիի համար է։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավակնությունները բարձր են՝ նա շատ բան ցանկացավ 2022-ին, ճանապարհ դեպի Նախիջևան, այսպես կոչված խաղաղության պայմանագիր, և նրա մոտ որևէ բան չստացվեց։

«Ադրբեջանը հավակնություններ ունի, և իրականում դա կարելի է հասկանալ։ Ադրբեջանի դիտարկումները պրագմատիկ են, որ չկա թափանցիկություն, թե ի՞նչ է անցկացվել Լաչինի միջանցքով, արդյո՞ք եղել են ականներ, զենք։ Կամ ի՞նչ քաղաքացիության մարդիկ են անցել այդտեղով։ Թափանցիկ ռեժիմ չի եղել և այդ իմաստով կարելի է հասկանալ։ Իհարկե, դա պատճառ չէ Լաչինի միջանցքն ամբողջությամբ փակելու, Ղարաբաղը շրջափակելու համար, բայց, կարծում եմ, եթե հիմա բանակցություններ ընթանում եմ, իսկ դա ճիշտ է, ապա օրակարգում այդ հարցն է։ Որ լինի ավելի թափանցիկ ռեժիմ, ով և ինչ կարող է անցնել Լաչինի միջանցքով»,-ասել է Դը Վաալը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք փակուղի չեն մտել Լեռնային Ղարաբաղի հարցով բուն բանակցությունները՝ Վաալն ասել է, որ բանակցությունները երբեք փակուղի չեն մտնում քանի դեռ կամ համաձայնություն ձեռք չի բերվել, կամ էլ պատերազմ չի սկսվել։

«Կարծում եմ, որ եթե Ադրբեջանը գնա սրացումների, կլինի Ռուսաստանի և Արևմուտքի արձագանքը։ Ադրբեջանը Ռուսաստան չէ, այն ավելի միջին կարգի երկիր է, որը հասկանում է, որ պետք է ունենալ որոշակի լծակներ, բայց նաև պետք է զգույշ լինել, երբ շոշափվում են Ռուսաստանի և Արևմուտքի հետաքրքրությունները»,-ասել է նա։

Խոսելով այն մասին, թե տեսնում է արդյոք Ղարաբաղը հայկական պահելու հնարավորություն՝ Վաալն ասել է․ «Եթե անկեղծ ասեմ, այստեղ Լոնդոնում նստած չգիտեմ։ Չէի ուզենա նոր բախում կանխատեսել, բայց Աստված գիտի։ Կա հավանականություն, որ ճանապարհը կբացվի և Ղարաբաղի շատ հայեր ուղղակի կհեռանան, որովհետև այնտեղ պայմաններն անտանելի են։ Միգուցե հենց դա է Ադրբեջանի մարտավարությունը, որ որքան հնարավոր է շատ ղարաբաղահայեր ուղղակի հեռանան առանց հակամարտության։ Տեսնենք՝ ինչ կստացվի, բայց որքան երկար շարունակվի շրջափակումը, իհարկե, Ղարաբաղի հայերի համար պայմանները դառնում են ավելի ու ավելի ծանր»,-ասել է նա։

Նա պատասխանել է նաև այն դիտարկմանը, որ Ադրբեջանը հրաժարվում է Ղարաբաղի հայերի հետ խոսել որևէ միջազգային մեխանիզմի ներքո, ուստի այդ դեպքում ի՞նչ երաշխիք կարող է լինել, որ Ղարաբաղում ընդհանրապես հայեր կմնան։

«Իհարկե, վատագույն տարբերակը միշտ հնարավոր է։ Ինչ վերաբերում է բանակցություններին, կարծում եմ, այնուամենայնիվ, դրանք ընթանում և անցած տարի էլ ընթացել են, բայց երկկողմանի գաղտնի ձևաչափով։ Եվ Ռուբեն Վարդանյանի գործոնը բարդացրեց բանակցային գործընթացը, որ ընթանում էր Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Շատերն ասել ու ասում են, որ Ղարաբաղի հայերի ճակատագիրը այս հակամարտության արմատն է, և որ հարցը բռնությամբ լուծելու փորձը կնշանակի նոր հակամարտություն, դա հենց այնպես անաղմուկ տեղի չի ունենա։ Կարծում եմ՝ Բաքվում շատերը դա հասկանում են, նրանք ունեն մաքսիմալիստական դիրքորոշում, որովհետև կարծում են, թե շատ դրական գործոններ ունեն, բայց միաժամանակ, գիտակցում են, որ պետք է զգույշ գործել։ Որովհետև եթե նոր՝ անգամ փոքր հակամարտություն լինի, ապա այնպիսի հարցեր, ինչպես օրինակ Նախիջևանի միջանցքը և այլն, ուղղակի կփակվեն»,-ասել է փորձագետը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Մինչ օրս ճանապարհը չի բացվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---