Վարչապետ. ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում

Վարչապետ. ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարել է, որ բանակցությունների ժամանակ ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն ՀՀ կառավարությունը չի ցուցաբերում։ Նա այդպես է արձագանքել լրագրողի դիտարկմանը, որ կառավարության գործող ծրագրում ամրագրված է, որ ՀՀ-ն Արցախի երաշխավորն է և արդյո՞ք կառավարությունը, վարչապետն անվտանգության երաշխավորի դերում է բանակցում Ադրբեջանի նախագահի հետ։

«Բանակցությունների ընթացքում մենք ԼՂ-ի, ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում։ Դեռ 2018-ին եմ ասել, որ դա սխալ բանաձև է, քանի որ այդ ճակատագրի հարցում որոշիչ դեր պետք է ունենա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Մենք բանակցում ենք այն մասին, որ պետք է միջազգայնորեն տեսանելի խոսակցություն տեղի ունենա ԼՂ հայության և Ադրբեջանի՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև»,- ասել է նա՝ հավելելով, որ դա բանակցությունների թեմաներից մեկն է։

Այն դիտարկմանը, որ ինքն է բանակցում՝ Փաշինյանն ասել է, որ նաև ՀՀ-ի և իր ստորագրությամբ է ՌԴ խաղաղապահ զորախումբը տեղակայվել ԼՂ-ում։

Վարչապետը հավելել է, որ սիլլոգիզմ կա` ՀՀ–ն Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, իսկ ՀՀ-ի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, և այս բանաձևով էլ առաջնորդվել են։

«Եթե ՀՀ–ն կարողանար ինքն իր անվտանգությունն ապահովել, մեր անվտանգության հիմքում այն բանաձևը չէր լինի, որ ՌԴ–ն է Հայաստանի անվտանգության երաշխավորը»,-ասել է նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
---