11 հունվարի 2023 - 12:13 AMT
Միրզոյանը՝ Դոնֆրիդին․ Ադրբեջանը պարտավոր է վերականգնել Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ին ամրագրված ռեժիմը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը:

Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել է 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը: Շեշտվել է, որ Ադրբեջանն իր գործողություններով կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Հայկական կողմը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման ադրբեջանական կողմի իբր բնապահպանական հիմնավորումները և հնչող մեղադրանքները կեղծ են:

ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։

Photo. Getty Images