Ամբողջ Արցախում ինտերնետ-կապը վերականգնվել է

Ամբողջ Արցախում ինտերնետ-կապը վերականգնվել է

PanARMENIAN.Net - Արցախի ամբողջ տարածքում ինտերնետ-կապը վերականգնվել է։ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարման վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ, հայտնում է տեղեկատվական շտաբը։

Հունվարի 12-ից երկրի ամբողջ տարածքում ինտերնետ-կապը խափանվել էր` Հայաստանից Արցախ եկող միակ մալուխի վնասման պատճառով։

«Ըստ Արցախում գործող ինտերնետ կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տեխնիկական սարքերի տվյալների՝ մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանական կառավարության գործակալները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---