Օհանյան․ Վարդանյանը սկսել էր գործընթաց, որը գեներացնում էր պայքարի ոգին

Օհանյան․ Վարդանյանը սկսել էր գործընթաց, որը գեներացնում էր պայքարի ոգին

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը ԱՀ պետնախարարի պաշտոնից, ասել է, որ դա բացասական հետևանքներ կունենա Արցախի համար։

«Ես Ռուբեն Վարդանյանին ճանաչում եմ որպես հաջողած գործարար և բարերար Հայաստանի ու Արցախի համար։ Ես նրա գործունեությանն Արցախում առաջին հերթին հայրենասիրական տեսանկյունից եմ նայում, թե ով և ինչպես է նշանակել նրան, ես տեղյակ չեմ։ Ռուբեն Վարդանյանը սկսել էր գործընթաց, որը գեներացնում էր պայքարի ոգին»,- ընդգծել նա, հայտնում է Yerkir.am-ը։

Օհանյանը նշել է նաև, որ իշխանությունն ապացուցել է, որ ձեռքերը լվացել է և չի կարող գնալ Արցախի ինքնորոշման ճանապարհով։

«Արցախի միջազգային ճանաչումը հրամայական է, սակայն հրամայական է նաև իրողության ընդունումը, որը տեղի է ունեցել տարիներ առաջ, երբ Սովետական միության փլուզման ընթացքում Արցախը, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը և այլ երկրներ, ինքնորոշվել են իրենց պատմական տարածքում։ Մենք պետք է ընդունենք, որ Արցախը ինքնորոշվել է։ Այս իշխանության գործողությունների հետևանքով է, որ Արցախը հայտնվել է անկլավային իրավիճակում, դիվանագիտական ներուժը քայքայվել է, երկիրը մտել է պատերազմի մեջ։ Իրենց դիվանագիտական աշխատանքը ոչնչացնում է բոլոր կարմիր գծերը, որոնք առաջ է քաշում ընդդիմությունը»,- ասել է Օհանյանը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ կարմիր գծերից մեկն այն է, որ Արցախն իր պատմական տարածքում ինքնուրույն ապրելու իրավունք ունի, իսկ Ադրբեջանի հռետորաբանությունը և սադրանքները հուշում են, որ անհնարին է նրանց հետ ապրել նույն պայմաններում։ Հաջորդ կարմիր գիծը, ըստ Օհանյանի այն է, որ Հայաստանը, Արցախին բերելով նման անկլավային իրավիճակի, ձեռքերը լվանալու իրավունք չունի։

«Հայաստանը հանձնառություն ունի Արցախի ժողովրդի անվտանգ և կայուն զարգացման համար։ Մեր ամբողջ ընդդմադիր հանրույթը պետք է ամեն ինչ անի, որ սրանք փաստաթղթեր չստորագրեն, որոնք կվնասեն մեր պետությանը»,- նշեց Օհանյանը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ, որտեղ նա հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Հարությունյանը նշել է, որ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը:

 Ուշագրավ
---