Միրզոյան․ Հաագայի դատարանի որոշումը պարտադիր է, սակայն Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի շրջափակումը

Միրզոյան․ Հաագայի դատարանի որոշումը պարտադիր է, սակայն Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի  շրջափակումը

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին ունեցած ելույթում հայտարարել է, որ Հաագայի դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի շրջափակումը։

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակաբար անտեսվել է։ Ըմբռնելով այլ վայրերում հակամարտությունների և ճգնաժամերի հետևանքով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ հավատացած ենք, որ չի կարող լինել տառապանքի հիերարխիա՝ հիմնված աշխարհաքաղաքական նկատառումների և շահերի վրա:

Ի հեճուկս ամենի, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձգտում է ազատորեն օգտվել իր իրավունքներից: Այս վճռականությունը չի փոխվել նույնիսկ Ադրբեջանի ճնշման և ագրեսիայի ավերիչ, շարունակական ալիքներից հետո, ինչի հետևանքով զոհվեցին հազարավոր մարդիկ, ավերվեցին հարյուրավոր քաղաքներ ու գյուղեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ, մշակութային և կրոնական ժառանգության կոթողներ: Միջազգային հանրությունը, սակայն, հիմնականում անտարբեր մնաց, մինչդեռ Ադրբեջանն ավելի էր քաջալերվում՝ ոգևորված անպատժելիությունից: Այնուհետև այդ երկիրը հարձակվեց և օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքները։

Նման լիակատար անպատժելիության մթնոլորտում Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանը նաև խաթարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը և պարբերաբար խափանում է գազամատակարարումը։ Դրա հետևանքով, Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ կարող է վերացնել շրջափակումը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը։ Սա ոչ այլ ինչ է, քան դանդաղ իրականացվող էթնիկ զտում:

Այս համատեքստում ես կցանկանայի ընդգծել, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ իրավաբանորեն պարտադիր հրատապ միջոց է կիրառել Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում՝ միաժամանակ միաձայն մերժելով Հայաստանի դեմ ներկայացված զուգահեռ վարույթում Ադրբեջանի պահանջները Հայաստանի կողմից իբր ականներ տեղադրելու վերաբերյալ: Հիշյալ որոշման մեջ դատարանը վճռել է, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի շրջափակումը։

Ադրբեջանն այս հանցագործությունը կատարում է չնայած Լաչինի միջանցքի ապաշրջափակման իրապես համընդհանուր այդ թվում՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի և Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի կողմից արված պահանջի»,-ասել է նախարարը։

Նա հավելել է, որ նույն կերպ Ադրբեջանը չի հետաքննել արտադատական սպանությունները, մահացած հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց մարմինների խոշտանգումները, անդամահատումները և պղծումները, ինչի վերաբերյալ հստակ կոչ էր հնչեցվել ՄԱԿ մանդատակիրների կողմից:

«ՄԱԿ մարդու իրավունքների փորձագետները նաև ընդգծել են, որ իրենք դեռ ակնկալում են Ադրբեջանից ստանալ «տեղեկատվություն ռազմական գործողությունների դադարեցումից հետո ռազմագերիների կալանավորման փաստացի և իրավական պատճառների, ինչպես նաև անհետացածների ընտանիքներին նրանց ճակատագրի և ճշգրիտ գտնվելու վայրի մասին տեղեկացնելու վերաբերյալ ձեռնարկված միջոցների մասին»:

Ավարտելով խոսքս, ցանկանում եմ արտահայտել Հայաստանի հաստատակամ համոզմունքը, որ ՄԱԿ միջգործակալական առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում այն նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել այս պայմաններում։ ՄԱԿ-ն օժտված է համընդհանուր մանդատով և պետք է անվերապահ և անխոչընդոտ հասանելիություն ունենա դեպի կարիքի մեջ գտնվող անձինք: ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմը պետք է օգտագործվի կյանքեր փրկելու, անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու և տուժած մարդկանց իրավունքները պաշտպանելու համար: Աշխարհը պետք է ականատեսը լինի միջազգային մեխանիզմների կիրառման դրական և հաջողված օրինակների, որոնց համար էլ հենց ստեղծվել և մանդատ են ստացել այդ մեխանիզմները։ Միջազգային համակարգը չի կարող ևս մեկ ձախողում իրեն թույլ տալ»,-ասել է Միրզոյանը:

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---