Խանդանյան․ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ ինքնիշխան տարածքը

Խանդանյան․ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ ինքնիշխան տարածքը

PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ՀՀ-ն ունի իր սկզբունքային դիրքորոշումները, որոնք տեղավորվում են ՀՀ ինքնիշխանության և անկախության պաշտպանության, որևէ կողմից՝ Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու տրամաբանության մեջ։

ՀՀ-ի առաջ քաշած նախապայմանների մեջ, ըստ իշխանական պատգամավորի նաև այն է, որ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ ինքնիշխան տարածքները, որոնք բռնազավթել է 2021 թվականից, գրում է «Առավոտը»։

Թե հատկապես որ կետերի շուրջ ՀՀ-ն և Ադրբեջանը չեն կարողանում դիրքորոշումները մոտեցնել, նա կարծում է, որ այդ մասին պետք է բանակցողները խոսեն և խոսեն պատեհ պահին: Նա վստահեցրել է, որ ամեն դեպքում, Հայաստանը հանձնառու է բանակցությունները շարունակելու հարցում և հույս ունի, որ շուտ կմոտենա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պահը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵՄ-ն չարաշահում է իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, այդ թվում «լեգիտիմության առումով իր կասկածելի առաքելությունն առաջ մղելով Հայաստանի տարածքում»: Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցության պատգամավորը պատասխանել է այդ դիտարկմանը:

«ԵՄ քաղաքացիական առաքելության Հայաստանում տեղակայելը և Հայաստանի դիմումը՝ երկամսյա առաքելությունից հետո ավելի երկարաժամկետ մանդատով առաքելություն տեղակայելը բխել է Հայաստանի կարիքներից: Իսկ այդ կարիքներն այն են, որ 2021 և 2022 թվականներին, ՀՀ ինքնիշխան տարածքը երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի հարձակմանը և մենք գնահատելով առաջին առաքելության երկամսյա գործունեությունը՝ գտել ենք, որ այն ունի որոշակի կայունացնող առաքելություն և դրա երկարաժամկետ տեղակայումը ՀՀ սահմանի երկայնքով կարող է ընդհանրապես նպաստել խաղաղության մթնոլորտի ձևավորմանը և անվտանգության առումով լրացուցիչ երաշխիք լինի»,-ասել է նա:

Քանի որ առաքելությունը քաղաքացիական է, ՀՀ իշխող կուսակցության ներկայացուցիչը չի գերագնահատում դրա նշանակությունը, բայց կայունացնող դերն իր համար ակնհայտ է:

«Հայաստանը որևէ ցանկություն չունի մտնելու և Հայաստանը դարձնելու աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ և սա հայտնի է մեր բոլոր գործընկերներին: Մենք մեր բոլոր գործընկերներին տարբեր խողովակներով հայտնում ենք այլ գործընկերների հետ հարաբերությունների ևդրանց բնույթի մասին»,- հայտարարել է Սարգիս Խանդանյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---