Պատերազմից հետո սելեկտիվ աբորտների թիվը կրկին աճել է

Պատերազմից հետո սելեկտիվ աբորտների թիվը կրկին աճել է

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմից հետո սելեկտիվ աբորտների թիվը կրկին աճել է։ Այդ մասին ասվել է խորհրդարանում մարտի 1-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը մեջբերել է Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց 2022-ին Հայաստանում տեղի է ունեցել ծնելիության անկում, ի տարբերություն 2021 թվականի, երբ կար աճ, հայտնում է Factor.am-ը։

«Ծնված տղաների թիվն աճել է, ծնված աղջիկների թիվը՝ նվազել։ Այսինքն՝ փաստացի մենք ունենք սելեկտիվ աբորտների թվի աճ։ Մեզ մոտ 110 տղայի հաշվարկով՝ ծնվում է 100 աղջիկ, իսկ չմիջամտված դեպքերում պետք է լինի 105-ը՝ 100-ի։ 6 աղջիկ քիչ է ծնվում, ամեն ծնված 100 երեխայի հաշվարկով»,- ասել է Թորոսյանը՝ առաջարկելով շարունակել հանրային արշավներ անել այս տեսանկյունից, որպեսզի ոչ մի աղջիկ պտուղ չհեռացվի, նաև հատուկ քայլեր անել ոչ պատժիչ մեխանիզմով։

Առողջապահության գործող նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշել է, որ 2020-ի պատերազմի համատեքստում հասարակության տրամադրությունների, ընկալումների մեջ փոփոխություն է եղել։

«Ինչ վերաբերում է սելեկտիվ աբորտներին, ապա պետք է ասեմ, որ մինչև պատերազմը մեզ մոտ բավականին լավ ցուցանիշ էր, մենք ամեն տարի ունեինք նվազում։ Ցավոք, պատերազմից հետո նորից որոշակի փոփոխություն եղավ հասարակության տրամադրության, ընկալման մեջ։ Տղա երեխաների մասով վիճակագրությունը փոխվեց»,- նշել է Ավանեսյանը։

Նախարարի դիտարկմամբ՝ ծնելիությունը հնարավոր է խթանել համալիր միջոցառումների արդյունքում՝ ոչ միայն առողջապահական, այլև՝ ժողովրդագրական, սոցիալական, տնտեսական։

Ավանեսյանն ընդգծել է, որ Հայաստանում ծնելիության ցուցանիշը 2022-ին 2021 թվականի համեմատ նվազել է։ Նախարարը հավելել է, որ 2023 թվականի հունվարին որոշակի դրական դինամիկա է արձանագրվել։

«Վիճակագրությամբ տեսնում ենք, որ 2020-ի ընթացքում և 2021 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է ամուսնությունների նվազում, բայց պետք է ասեմ, որ 2023 թվականի հունվար ամիսը մեզ որոշակի հույս է տալիս, որ այդ տենդենցը հակառակ ուղղությամբ է այս տարի գնալու։ Մենք այս տարի հունվարի ամսին արձանագրել ենք վերջին երեք տարիների ընթացքում հունվար ամիսների կտրվածքով ամենաբարձր ծնելիությունը։ Առաջին անգամ 3000 հազարը հատել ենք հունվար ամսին»,- ասել է Ավանեսյանը։

Խոսելով ընտանիքներում երրորդ և չորրորդ երեխաների ծննդի մասին՝ Ավանեսյանն ասել է, որ տասը տարվա կտրվածքով գրեթե կրկնապատկվել է երրորդ և չորրորդ երեխաների թիվը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---