ԱԺ խոսնակ․ Հայ-գերմանական գործակցության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականությունում առաջնային է

ԱԺ խոսնակ․ Հայ-գերմանական գործակցության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականությունում առաջնային է

PanARMENIAN.Net - Գերմանիայում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրեյթերին և հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանն ունեցած իր ելույթում ընդգծել է, որ հայ-գերմանական համագործակցության դինամիկ զարգացումն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջնային տեղ ունի, միջխորհրդարանական հարաբերությունները երկկողմ օրակարգում առանձնակի նշանակություն ունեն:

Սիմոնյանը նշել է, որ եվրոպական արժեքներին հավատարմությունը, Եվրոպական միության երկրների հետ գործընկերության զարգացումը Հայաստանի համար եղել և շարունակում է մնալ արտաքին քաղաքականության տիրույթի կարևոր ուղղություններից մեկը:

Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջազգային հարաբերություններում՝ նա ասել է, որ Հայաստանի՝ լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործում Գերմանիայի՝ որպես կայացած խորհրդարանական ավանդույթներ ունեցող երկրի փորձն օրինակելի է:

ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը և ուժի մեջ մտնելը կարևոր քայլ էր ՀՀ-ԵՄ հարաբերություններն առավել խորացնելու և Հայաստանում բարեփոխումների հետագա աջակցման հարցում:

«Այսօր մեր առջև ծառացել են անվտանգության մարտահրավերներ: Տարածաշրջանի խաղաղությունը վտանգված է: Ակնհայտ ու փաստարկված ճշմարտություն է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված արցախյան պատերազմներն ունեին նաև հայկական մշակութային ինքնության ու պատմության ոչնչացման նպատակ»,- շեշտել է բանախոսը:

Նա փաստարկել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի անդառնալի հետևանքները և Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ հարձակումները:

«Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ և հասցեական արձագանք: Մեր խորին համոզմամբ ուժի կիրառումը չի կարող նպաստել վստահության և խաղաղության մթնոլորտի հաստատմանը»,- նշել է ԱԺ նախագահը:

Նա կարևորել է ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու հանգամանքը, շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանն առաքելության տեղակայման գործում ներդրած ավանդի համար:

Գերմանացի գործընկերները նշել են, որ մեծապես կարևորում են ՀՀ հետ հարաբերությունների խորացումը և անում այդ ուղղությամբ տեսանելի քայլեր՝ հավելելով, որ երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որը պետք է շարունակաբար ամրապնդել և օգտագործել այլ ուղղություններով ևս համագործակցությունը զարգացնելու համար:

Նրանք հարցեր են ուղղել շրջափակված արցախահայության գոյաբանական խնդիրների, տարածաշրջանում նկատելի բևեռացման պայմաններում Հայաստանի դերի և եվրաինտեգրմանը նպաստող քաղաքականության շուրջ:

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին: Ներկայացնելով հետպատերազմյան իրավիճակը և խոսելով տարածաշրջանում անվտանգային հարցերին շուտափույթ լուծումներ տալու անհրաժեշտությունից՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ շատերի ուշադրությունից վրիպում են Հարավային Կովկասում՝ Հայաստանի և հայաբնակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները:

Նա նշել է, որ Ադրբեջանը, շարունակելով էթնիկ զտումների քաղաքականությունը և կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով, ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում տեղի հայ բնակչությանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---