ԱԺ–ի դիմաց ցույց է` Փաշինյանի հեռացման պահանջով

ԱԺ–ի դիմաց ցույց է` Փաշինյանի հեռացման պահանջով

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները և մի շարք այլ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման և Արցախի անկախության ճանաչման պահանջով։

Ակցիայի մասնակիցները ձեռքերում պահում են «Միասին», «Հայրենիքը վտանգված է», «Միասին դեպի հաղթանակ» և այլ գրառումներով պաստառներ, հայտնում է Sputnik Արմենիան։

Բողոքի ակցիայի նպատակները սկզբում ներկայացրել է սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը։

«Մենք նպատակ ունենք այսօրվա ձախորդ կառավարությանն ու իշխանավորներին հեռացնել իրենց աթոռներից։ Մեր երկրի դժբախտությունների պատճառը հենց այսօրվա իշխանությունն է։ Մենք նաև դիմում ենք ԱԺ–ին արդեն պարտադրանքի ոճով` ճանաչել Արցախի Հանրապետության ինքնուրույնությունը, անկախությունը։ Դիմում ենք նաև Լաչինի միջանցքը ապաշրջափակելու ուղղությամբ գործնական քայլեր անելու համար, որովհետև այն Արցախի կյանքի ճանապարհն է»,– հայտարարել է Սրապիոնյանը։

44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը` Նաիրա Մելիքյանը, որը 2 օր առաջ է վերադարձել Սյունիքի մարզից («Որդիների կանչ» ՀԿ–ի անդամներն օրերս երթով գնացել են մինչև Տեղ գյուղ), նշել է, որ այսօր մեծ անհանգստության տեղիք կա Հայաստանի այդ հատվածների առնչությամբ։

Բաղրամյան պողոտայում, որտեղ տեղի է ունենում բողոքի ակիցան, բազմաթիվ ոստիկաններ կան։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---