ՍԱՏՄ. Թթվասերում խախտումներ չեն հայտնաբերվել

ՍԱՏՄ. Թթվասերում խախտումներ չեն հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Հիմք ընդունելով «Հետք» լրատվական կայքի երկու հրապարակումը կաթնաշոռի և թթվասերի շուկայում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պետական վերահսկողության միջոցառումներ է իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք կազմակերպություններում:

Արդյունքում թթվասերում խախտումներ չեն հայտնաբերվել, կաթնաշոռում հայտնաբերված խախտումները 4 ընկերություն վերացրել է

Ըստ այդմ, Տեսչական մարմնի կողմից լաբորատոր փորձաքննության են հանձնվել հետևյալ ընկերությունների 9 «կաթնաշոռ»՝ «Չանախ» (0,6%), «Հայր և որդի Երեմյաններ» (12 %), «Բոնիլատ» (9 %), «Բիոկաթ» (12 %), «Դուստր Մարիաննա» («Մարիաննա» ապրանքանիշ) (9 %), «Արզնի կաթնամթերք» («Արզնի կաթ» ապրանքանիշ) (9 %), «Արբան» («Աշտարակ կաթ» ապրանքանիշ) (7%), «Մարիլա» (9%), և 4 թթվասեր` «Չանախ» (18%), «Բոնիլատ» (17%), «Արզնի կաթնամթերք» (20%), «Բիոկաթ» (18%), արտադրատեսակները:

Համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրությունների՝ 4 ընկերության կաթնաշոռները կաթնաթթվային մանրէներ և խմորասնկեր ցուցանիշով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ այն ընկերություններում, որտեղ արձանագրվել են խախտումները, արտադրական առանձին գործառույթը՝ կաթնաշոռ արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Ընկերությունները սահմանված ժամկետներում վերացրել են խախտումները և, Տեսչական մարմնի կողմից իրականացված վերստուգման արդյունքում, կասեցումները վերացվել են:

Ինչ վերաբերում է «Թամարա և Անի» (Անի) ՍՊԸ-ի կաթնաշոռ արտադրատեսակի մակնշմանը, ապա այն համապատասխանում է իրավական ակտերով սահմանված պահանջներին:

«Հետքը» մարտի 2-ին փորձաքննության էր ներկայացրել տեղական արտադրության թթվասերի 10 նմուշ։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, մասնավորապես՝ աղիքային ցուպիկ և խմորասնկերի բարձր քանակ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---