Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Երեւանի ամենալուրջ ռազմավարական սխալներից մեկն է

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Երեւանի ամենալուրջ ռազմավարական սխալներից մեկն է: Այդ մասին հայտնել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Թեպետ 95 բառ պարունակող այս հակիրճ հայտարարությունը կարող է հստակորեն դրսեւորել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում իրական պատմական բեկման հնարավորություն, այնուամենայնիվ, խնդրո առարկա տեքստի ուղերձը եւ այն տարածելու ժամանակը կարեւոր մտահոգությունների տեղիք են տալիս»,- նշել է հայ փորձագետը:



Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, այսօրինակ հայտարարություն տարածելով Հայոց ցեղասպանության ամենամյա հիշատակի օրվա անմիջապես նախաշեմին, Հայաստանի Հանրապետությունը պարզապես ուժ է հաղորդել է եւ, կարծես թե, հավանություն է տվել թուրքական փորձերին` ամեն կերպ ճնշում գործադրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վրա, որպեսզի վերջինս ապրիլքսանչորսյան իր ավանդական ուղերձում շրջանցի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ տված նախընտրական խոստումը: «Նմանատիպ ռազմավարական սխալը նոր հարցեր է առաջացնում Հայաստանի ղեկավարության իմաստասիրության, անկեղծության եւ լրջության մասին, հատկապես հայոց պատմության այսպիսի խոցելի հանգրվանում, երբ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու կարգավիճակի հարցերը դեռեւս մնում են չլուծված, եւ Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների ապագա ընթացքը` կասկածի տակ»,- ընդգծել է հայ փորձագետը:



2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները եւ զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ:



Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---