15 ապրիլի 2023 - 17:02 AMT
Ադրբեջանցիները կրակել են Սոթքի ուղղությամբ. Հանքի աշխատանքները դադարեցվել են

Գեղարքունիքի մարզում Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է ադրբեջանական կողմից հնչող կրակոցների պատճառով։ Այդ մասին հայտնել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը, գրում է Sputnik Արմենիան։

«Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 14-ի երեկոյան ժամը 19:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել հանքավայրի ուղղությամբ: Գիշերը եղել է խաղաղ, բայց առավոտյան՝ ժամը 08:00-09:00– ն ընկած ժամանակահատվածում, նրանք կրկին սկսել են կրակել, ինչի արդյունքում որոշում է կայացվել դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին», - ասել է Գրիգորյանը:

Նա նշել է, որ այս պահին վիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ Չկան նաև վիրավորներ, տուժածներ և վնասված տեխնիկա։

«Իրավիճակն անկայուն է, ուստի մենք որոշում ենք կայացրել առայժմ դադարեցնել աշխատանքը։ Դեռ պատկերացում չկա, թե երբ կվերսկսվեն աշխատանքները»,-նշել է նա։

Ադրբեջանցիների հրահրած փոխհրաձգության հետևանքով Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր նաև ապրիլի 11–ին, աշխատակիցներին ստիպված տարհանել էին: