Տեղում վիրավորված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողին կրկին վիրահատել են

Տեղում վիրավորված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողին կրկին  վիրահատել են

PanARMENIAN.Net - Տեղ համայնքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներն այժմ բուժօգնություն են ստանում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Զինվորներից մեկի վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, նրան կրկին վիրահատել են։

«Զինուժի» հետ զրույցում ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունքի պետ Մետաքսյա Գրիգորյանը հայտնել է, որ ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը Մուրացանի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք ընդունվել է երեք հիվանդ, երկուսը՝ հետվիրահատական, մասնավորապես, վիրահատվել են Գորիսի հիվանդանոցում, մեկը՝ Գորիս ԲԿ-ում վիճակը գնահատվելուց հետո տեղափոխվել է հոսպիտալ, հայտնում է «Փաստինֆոն»։

Զինծառայողներից երկուսի վիճակը գնահատվել է ծանր, մյուսինը՝ ծայրահեղ ծանր: Հետագա օրերին զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակներ, միայն երրորդ զինծառայողի վիճակն էր շարունակում գնահատվել ծայրահեղ ծանր: Նրան կրկին վիրահատել են, Մետաքսյա Գրիգորյանը հույս է հայտնել, որ առաջիկայում նրա վիճակը ծայրահեղ ծանրից կփոխվի ծանրի:

Տեղ համայնքում վիրավորում ստացած մյուս զինծառայողները տեղափոխվել են ԿԿԶՀ այլ բաժանմունքներ, անոթային վիրաբուժության բաժանմունքի պետ Արման Հակոբյանի փոխանցմամբ՝ զինծառայողների ընդհանուր վիճակը միջին ծանրության է, գտնվում են հիվանդասենյակներում, ստանում՝ դեղորայքային բուժում, կրկնակի միջամտություն չկա: Համեմատաբար ծանր է եղել զինծառայողներից մեկի վիճակը, որի մոտ հրազենային վիրավորման հետևանքով եղել է նաև նեռվանոթային խցի վնասում, հիվանդը վիրահատվել է Գորիսի քաղաքային հիվանդանոցում, այժմ ԿԿԶՀ-ում է, վիճակը լավ է:

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---