«Ցորի» 20 զինծառայողի մահվան մեջ մեղադրվող հրամանատարին կալանքից ազատելու միջնորդություն է ներկայացվել

«Ցորի» 20 զինծառայողի մահվան մեջ մեղադրվող հրամանատարին կալանքից ազատելու միջնորդություն է ներկայացվել

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում սեփական կյանքը փրկելու համար անգործություն ցուցաբերելու և դրա հետևանքով «Ցորի» զորամասի 20 զինծառայողի մահվան մեջ մեղադրվող հրամանատար Գևորգ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին, հայտնում է «Փաստինֆոն»։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում գրավի միջնորդության դեմ առարկություններ են ներկայացրել հանրային և մասնավոր մեղադրողները՝ մեղադրող և տուժող կողմերը։

Գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում, ըստ դատարանի կողմից սահմանված հաջորդականության՝ դատարանում հարցաքննվում են վկաները։

Նախորդ դատական նիստին առանցքային վկաներից մեկի՝ Գևորգյանին տեղափոխող մեքենայի վարորդի, հարցաքննության ավարտից հետո Գևորգ Գևորգյանի պաշտպանը միջնորդել է մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով։ Նախորդ նիստին մեղադրող և տուժող կողմը բարձրաձայնել էին միջնորդությանը ծանոթանալու անհրաժեշտության մասին, ըստ այդմ, նրանք առարկությունները ներկայացրել են ապրիլի 17-ի նիստում։

Մեղադրող դատախազը նշել է, որ միջնորդությունը ենթակա է մերժման՝ նկատի ունենալով, որ քննության տվյալ փուլում դատակոչի ցուցակում ներառված 23 վկաներից հարցաքննվել է միայն 9-ը, հետևաբար, նրանց նկատմամբ Գևորգյանի կողմից անօրինական ազդեցություն գործադրելու հավանականությունը բարձր է։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը ևս առարկել էմիջնորդության դեմ՝ արձանագրելով, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ ազդեցություն գործադրելով դեռևս չհարցաքննված վկաների նկատմամբ։ Փաստաբանի դիտարկմամբ՝ բացի մեղադրանքի ծանրությունից, պետք է հաշվի առնել նաև այն հագամանքը, որ գործում առկա տվյալների համաձայն՝ մեղադրյալ Գևորգ Գևորգյանը մինչև կալաավորվելը հանդիպումներ է ունեցել վկաների հետ, որոնք հիմնականում նախկինում իր ենթականերն են եղել։ Բացի այդ, վկաների մի մասը Գևորգ Գևորգյանի հետ փախուստի են դիմել մարտի դաշտից և նրանց արարքին իրավական գնահատական դեռևս տրված չէ։

Մեղադրող կողմի առարկություններից հետո պաշտպան Գոռ Գևորգյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ առողջական խնդիրներով պայմանավորված խոսել չէր կարող, ըստ այդմ, խնդրեց դիրքորոշում իրականացնել հաջորդ դատական նիստին։ Դատական նիստը հետաձգվել է։

Քրեական գործով Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով. ըստ նախաքննական մարմնի՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նախաքննության ընթացքում Գևորգյանը ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ երբ իրենց Ֆիզուլիի հատվածում տեղափոխել են նշված տեղամաս, տվել են նշանակետեր, որոնք Դ-20 տիպի հրանոթով խոցում էին, հասկացել է, որ մեր խոցելի հեռավորությունը 4200 մ է, մինչդեռ այդ տիպի հրանոթը խոցում է մոտ 17 կմ, ինչից մայորի մոտ հարց է առաջացել, թե ինչու այդքան հեռահար խոցող զինտեխնիկան տեղադրված է 4 կմ հեռավորության վրա, ինչի վերաբերյալ մտահոգությունը բարձրացրել է նաև հրամանատարության կազմի մոտ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---