Արցախի պետնախարար. Ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը, ԿԽՄԿ փոխադրումները՝ ևս

Արցախի պետնախարար. Ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը, ԿԽՄԿ փոխադրումները՝ ևս

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսիյանն Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում) անցակետի տեղադրման և շրջափակումից բխող հումանիտար խնդիրների թեմաներով խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը Արցախը։

Անդրադառնալով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից կատարվող բեռնափոխադրումներին՝ պետնախարարը տեղեկացրել է, որ արդեն երրորդ օրն է՝ դրանք նույնպես կասեցված են՝ հավելելով, որ Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով Արցախի Հանրապետության քաղաքացիների հրատապ տեղաշարժի սկզբունքների մասով լրացուցիչ հստակեցումներ պետք է կատարվեն, որից հետո նորություն լինելուն պես կհայտարարվի, հայտնում է Արցախպրեսը։

Նա նշել է, որ դա լրացուցիչ դժվարություններ և սահմանափակություններ է առաջացրել բնակչության կարիքների բավարարման աշխատանքներում։

«Լրացուցիչ սահմանափակումները Ադրբեջանի կողմից հանգեցրել են նույնիսկ նվազագույն ծավալի կենսական նշանակության ապրանքների ներկրման անհնարինության: Արդյունքում, չենք կարողացել մատակարարել նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալը՝ դրանցում նշված ժամկետում, որի պատճառով մենք հետաձգելու ենք կտրոնների գործունեության ժամկետը, որպեսզի մեր բնակչությունը կարողանա օգտվել այդ հնարավորությունից»։

Ներսիսյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել Շուշիի շրջանի 4 համայնքների բնակչության համար առաջացած սուր հումանիտար խնդիրներին, քանի որ շրջափակված են երկու կողմից՝ Շուշիի ու Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետի հատվածներում։

«Այս օրերին բոլորս պետք է ավելի բարձր պատրաստականությամբ ու զգոնությամբ կատարենք մեր աշխատանքը՝ շուրջօրյա ու օպերատիվ ռեժիմով: Եվ երբ որոշակի հստակ տեղեկություն է լինում, անպայմանորեն անհրաժեշտ է պատշաճ կերպով իրազեկել հասարակությանը, քանի որ բնականորեն այս իրավիճակում մեր հասարակությունը սպասում է տեղեկությունների և պարզաբանումների: Մյուս կողմից, կարևոր է, որ քաղաքացիներն ըմբռնումով մոտենան ստեղծված իրավիճակին և ձևավորված անորոշություններին, որոնց պատճառով չենք կարողանում բավարար տեղեկություններ տրամադրել՝ տեղի ունեցող գործընթացները հավելյալ ռիսկի չենթարկելու համար»,- ասել է Ներսիսյանը։

Արցախի տեղեկատվական շտաբն ապրիլի 23-ին հայտնել էր. «Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում»։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---