ԵԽ պատգամավորներ. Բաքվի կողմից անցակետի տեղադրումը եռակողմ հայտարարության և Հաագայի դատարանի վճռի խախտում է

ԵԽ պատգամավորներ. Բաքվի կողմից անցակետի տեղադրումը եռակողմ հայտարարության և Հաագայի դատարանի վճռի խախտում է

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարիա Կայլուրանդը, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովատչևը, Ադրբեջանի հարցերով զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Բաքվի կողմից Լաչինի միջանցքի հետ կապված իր միջազգային պարտավորությունների բացահայտ անհարգալից վերաբերմունքի մասին։

Նրանք նշել են, որ Բաքվի կողմից անցակետի տեղադրումը եռակողմ հայտարարության և Միջազգային դատարանի վճռի խախտում է, հայտնում է Factor.am-ը։

«Մենք մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ: Դա կարող է ունենալ հնարավոր բացասական հետևանքներ և դիտվել որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի պարտադիր վճռի անհարգալից վերաբերմունքի ակտ, որն Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները հիշեցրել են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը սկսվել է 2022-ի դեկտեմբերի 12-ից՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար դժվարություններ պատճառելով և մեծապես խաթարելով խաղաղության հեռանկարները։

«Վերջին գործողություններն է՛լ ավելի են սրում իրավիճակը։ Մենք կոչ ենք անում Բաքվին անհապաղ շրջել իր ընթացքը և պարտավորվել հարգել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարմությունն ու միջազգային պարտավորություններն ու նորմերը։ ԵՄ-ն շարունակում է պատրաստ լինել աջակցել կողմերին՝ բանակցությունների միջոցով լուծելու բոլոր տարաձայնությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---