Կոլոնան՝ Ջերմուկում․ Ամեն ինչ ավելի լավ ես հասկանում, երբ տեսնում ես քո աչքերով

Կոլոնան՝ Ջերմուկում․ Ամեն ինչ ավելի լավ ես հասկանում, երբ տեսնում ես քո աչքերով

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր համար կարևոր էր Ջերմուկ այցելելը՝ աջակցություն հայտնելու ԵՄ դիտորդական առաքելությանը, որը կարևոր աշխատանք է կատարում այստեղ, և նաև տեղում սեփական աչքերով տեսնելու իրավիճակը։

«Մենք իրավիճակի մասին, բնականաբար, տեղեկանում ենք փաստաթղթերի հիման վրա, բայց տեղում սեփական աչքերով տեսնելն էլ շատ կարևոր է, և այս այցով ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր աջակցությունն ու զորակցությունը բարեկամ հայ ժողովրդին։ Ամեն ինչ ավելի լավ ես հասկանում, երբ տեսնում ես քո աչքերով։ Տեսնելով առաջխաղացումն այս նոր դիրքերի վրա՝ ավելի լավ ենք իրավիճակը հասկանում և ևս մեկ անգամ կարևորում ենք այս առաքելությունը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ Ֆրանսիան դատապարտում է միակողմանի բոլոր քայլերը, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը։ Ըստ նրա, դա է իրավական իրականությունը, նաև չկատարելը խաթարում է առանց այն էլ անվստահության առկա մթնոլորտը։

«Տարածաշրջանային իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ Ֆրանսիայի և Եվրոպական միության միակ նպատակը խաղաղության և վստահության մթնոլորտի վերականգնումն է»,-ասել է նա։

Նա նշել է, որ միայն խաղաղության համաձայնագիրը հնարավորություն կտա իսկապես լուծել մնացած բոլոր հարցերը, որոնք բխում են այս իրավիճակից։

«Այդ իսկ պատճառով է, որ Եվրամիությունն ուղարկել է դիտորդական առաքելություն, որը քաղաքացիական առաքելություն է, զինված առաքելություն չէ, որի նպատակն է տեղում արձանագրել իրավիճակը, ինչը հնարավորություն է տալիս ԵՄ երկրներին ունենալ ուղիղ, առաջին ձեռքից վկայություններ տեղի վիճակի մասին։ Առաքելությունը, մեր կարծիքով, շատ օգտակար է, և այս առաքելության աշխատանքի շնորհիվ է նաև, որ կարողանալու ենք առաջ գնալ խաղաղության ճանապարհով»,- ասել է նախարարը։

2022-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---