2022-ին ՀՀ-ում հանցագործություններն աճել են մոտ 2%-ով, սպանությունները՝ պակասել 3.4%-ով

2022-ին ՀՀ-ում հանցագործություններն աճել են մոտ 2%-ով, սպանությունները՝ պակասել 3.4%-ով

PanARMENIAN.Net - 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է հանցագործության 37,612 դեպք, որից 21,604-ը՝ Երևանում։ 2021-ի համեմատ հանցագործություններն աճել են 7367-ով կամ 24.4 տոկոսով: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով ՀՀ դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը:

2022 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճ:

2021 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 2831-ով կամ 19.3 տոկոսով (2021-ին՝ 14,629, 2022 թվականին՝ 17,460), միջին ծանրության հանցագործությունների դեպքերը՝ 2383-ով կամ 29.8 տոկոսով (2021 թվականին՝ 7988, 2022 թվականին՝ 10,371)։

Ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 633-ով կամ 14.2 տոկոսով (2021-ին՝ 4447, 2022 թվականին՝ 5080), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 530-ով կամ 151.4 տոկոսով (2021-ին՝ 350, 2022 թվականին՝ 880):

Առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճի մասով Վարդապետյանն ընդգծել է, որ 530-ով ավելացած դեպքերից 484-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք նախկինում որպես հանցագործություն չէին հաշվառվում: Հետևաբար, 2022-ին, առանց հանկարծամահությունների դեպքերի հաշվառման, կատարվել է 396 առանձնապես ծանր հանցագործություն, որը 46-ով կամ 13 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Սպանության դեպքերի թիվը, առանց հանկարծամահության դեպքերի, 2022-ին կազմել է 58՝ նախորդ տարվա 60-ի դիմաց, այսինքն՝ 2-ով կամ 3.4 տոկոսով պակաս: Երևանում սպանության դեպքերի թիվը նվազել է 8-ով կամ 30.8 տոկոսով (2021-ին՝ 26, 2022 թվականին՝ 18), իսկ մարզերում աճել է 6-ով կամ 17.6 տոկոսով (2021 թվականին՝ 34, 2022 թվականին՝ 40):

Հանցագործության 37,612 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 84.1 տոկոսը, ոչ մեծ (21,281 դեպք կամ 56.6 տոկոսը) և միջին ծանրության (10,371 դեպք կամ 27.6 տոկոսը) հանցագործություններն են:

Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների տեսակարար կշռում կազմում են 2.3 տոկոս (2021 թվականին՝ 1.2 տոկոս), իսկ ծանր հանցագործությունները` 13.5 տոկոս (2021 թվականին՝ 14.7 տոկոս):

2022 թվականին աճել են մարդու, հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները: Նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները (2021-ին՝ 15,149, 2022 թվականին՝ 13,902):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---