Ուորլիք․ Առանց ԼՂ կարգավիճակի խնդրի կարգավորման տևական խաղաղությունն անհնար է

Ուորլիք․ Առանց ԼՂ կարգավիճակի խնդրի կարգավորման տևական խաղաղությունն անհնար է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անիրատեսական է համարում այս փուլում կողմերի միջև վերջնական համաձայնությունը: Ըստ նրա, առկա են բազմաթիվ չկարգավորված խնդիրներ, ներառյալ կոմունիկացիայի, փախստակամնների, սահմանների, բնական ռեսուրների կառավարման և այլ հարցեր:

Ուորլիքը հատկապես կարևոում էԼեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ շեշտելով՝ առանց կարգավիճակի խնդրի կարգավորման, որը կգոհացնի կողմերին, անհնար է հասնել տևական խաղաղության, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Ես չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի համար անկախության մասին: Չեմ կարծում, որ այդ հարցը դրված է բանակցային սեղանին, հատկապես Ադրբեջանի տեսանկյունից, բայց կարող է լինել ինքնորոշման որոշակի աստիճան, որն ընդունելի լինի Բաքվի համար»,- ասել է Ուորլիքը:

Նրա պնդմամբ՝ մինչ օրս շատ բարդ հարց է եղել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որը նշանակում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Նա նշել է, որ այսօր Հայաստանը շարժվում է այդ ուղղությամբ, իսկ ինչպիսի ձևակերպում դա կստանա փաստաթղթում, դեռևս անհայտ է: Ըստ նրա՝ Բաքուն էլ պետք է ցույց տա, որ Լեռնային Ղարաբաղում լինելու է ինքնորոշման որոշակի մակարդակ, որպեսզի դա ընդունելի լինի Հայաստանի համար:

Ուորլիքը նաև կարևոր հիմնախնդիր է համարում Լաչինի միջանցքի հարցը, որը պետք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ:

«Ոչ ոք չի սպասում, որ Լեռնային Ղարաբաղը և այնտեղի դե ֆակտո իշխանությունները պարզապես հրաժարվեն այն ամենից, ինչի համար պայքարել են վերջին տասնամյակների ընթացքում։ Կարծում եմ, որ պետք է որոշակի ճանաչում, որ Լեռնային Ղարաբաղում կա համայնք, և որ նրանք պետք է ունենան կարգավիճակ, որին համաձայն են Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները»,- ասել է նա:

Բանակցային գործընթացի մեկ այլ կարևոր հարցերից է, ըստ Ուորլիքի, ռուս խաղաղապահների հարցը, որը փոխկապակցված է Ռուսաստանի ներգրավածության հետ:

«Ռուսական միջնորդությամբ հրադադարը չի կարելի անտեսել, քանի որ դա այն է հիմքն է, որտեղ մենք գտնվում ենք այսօր։ Արդյո՞ք դա միակ հիմքն է, և արդյո՞ք դա ինչ-որ կերպ Մոսկվային տալիս է առաջնորդություն կամ արտոնություն ապագա բանակցություններում: Իհարկե ոչ»,- ասել է նա:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 1-4-ն Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների ամփոփիչ ելույթում ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնությունը տեսանելի է և գտնվում է հասանելիության սահմաններում։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցություններում «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---